Asparez.am-ը գրում է.
4 կրակոցով թշնամու 3 տանկ ոչնչացրած գյումրեցի ավագ սերժանտը պատմում է ապրիլյան ծանր օրերի մասին:
Մի երիտասարդի պատմություն
-Կատարել եմ իմ մարտական առաջադրանքը, հետ եմ մղել թշնամուն… եւ վերջ: Որ ասում են` հերոսություն ես արել, դա հերոսություն չէ: Հերոսները էն տղեքն են, որ 2 ձեռքում ավտոմատ` առաջ կանգնան պոստի վրա ու ելան թուրքի դեմ, իրանք են հերոս, որ հանուն էս հողի ընկան,-պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած գյումրեցի Շուլի Հակոբյանը ծնողներին, հարազատներին, ընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր տղային հերոս են անվանում, հակադարձում է` ես հերոս չեմ:
Հակատանկային ջոկատի առաջին հակատանկային դասակի հրամանատարի առաջին տեղակալ ավագ սերժանտ Շուլի Հակոբյանի համեստությունը չի խոսում այն մասին, որ նա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու դիրքերից ընդամենը 1200 մետր հեռավորության վրա ոչնչացրել է 3 տանկ:
-Քառօրյա պատերազմից լիքը դասեր եմ քաղել կյանքի համար, որն ապագայում հաստատ ինձ պետք կգան: Ծառայության տարիներից լավ հուշեր կան, բայց ծառայակից հարազատ ընկերներ եմ կորցրել: Իրենց արածն իսկական հերոսություն է,-ասում է գյումրեցի հերոսը՝ հիշելով, որ ապրիլի 1-իn առաջին զոհը գյումրեցի էր, իր թաղի բնակիչը՝ 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանը:
-Այս պատերազմը մեզ համար անակնկալ էր: Ապրիլի 1-ի արդեն զոհ ունեինք: Մեր գյումրեցի Վլոն էր, իրար հետ էինք գնացել զինկոմ, Երեւան, Խոջալու, այնտեղից էլ` Մատաղիս,-ընկերոջ կորստի ցավն հիշելով` պատմում է Շուլին:
Շուլի Հակոբյանն ապրիլի1-ի նախօրեի երեկոյան հերթապահություն է ընդունել: Պատմում է, որ ինչ-որ գործողություններ է նկատել հակառակորդի կողմից եւ անմիջապես զեկուցել հրամանատարին:
-Տեսնում էի, որ պոլքի վրա պտտվում էին երեք մեծ անօդաչու սարքեր, բավականին բարձրության վրա: Երեք-չորս անօդաչու թռչող սարք է եղել զորամասի, Մատաղիսի եւ Թալիշի վրա: Փորձել են կրակել, բայց չեն կարողացել: Հետո հանգիստ էր: Գիշերը` 2-ի կողմերը, կրակոցների ձայներն ակտիվացան՝ խաբար է գալիս, որ Թալիշ լավ չէ, սկսել են գյուղի վրա կրակել: Առավոտյան ժամը 5-ին զորամասի հերթապահը հրաման է տալիս, որ բոլորը դուրս գան շենքերից եւ մտնեն դրսի թաքստոցները: 20 րոպե ժամանակ ունեինք դուրս գալու եւ թաքնվելու համար: Վեց անց կես առաջին սնայրադը ընկնում է զորամասի, հիդրոէլեկտրակայանի, ավտոպարկի, ճանապարների վրա եւ գետի մեջ,-պատերազմական գործողություններն է հիշում ավագ սերժանտը:
Հերոսի խոսքով` ադրբեջանական կողմի ինտենսիվ կրակոցները տեւել են մի քանի ժամ, դադարել են միայն առավոտյան 10-ի կողմերը: Օգտագործելով համեմատաբար հանգիստ իրավիճակը` զինվորները հրամանատարության ուղեկցությամբ բարձրացել են Թալիշի եւ Մատաղիսի պաշտպանական դիրքեր:’
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում