▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուզենայի, որ Աստված մեր ժողովրդի հոգու դռները բացեր.Նոր կոթող՝ Սևակի ծննդյան 100-ամյակին ընդառաջ

Պարույր Սևակի ծննդյան հարյուրամյակին ընդառաջ, ՀՀ. ժող վարպետ, նկարիչ խաչքարագործ Վարազդատ Համաբարձումյանը սկսել է «Կոչեմ ապրողաց» խորագրով քանդակաշարը, որը տեղադրվելու է Մեծ բանաստեղծի ծննդավայրում՝ տուն-թանգարան տանող ճանապարհին: 

Առաջին աշխատանքը «Անլռելի զանգակատուն» պոեմի հիմքով «Տո լա՜ճ տնավեր…» անվանված կոթողն է:

«Գաղափարը ծնվել է 6-7 տարի առաջ: Սևակը ճանապարհ է դեպի լույսը, նրան միշտ տեսել եմ որպես Աստծո թարգմանիչ, որովհետև միշտ չէ, որ կարողանում ենք Աստծո խոսքը հասկանալ: Խաչը գլխատված մտավորականությունն է, որի հիմքում Կոմիտասն է, զանգերը ժողովուրդն է, որ զարմացել է, թե այսքանից հետո մարդկությունն ինչպես կարող է անտարբեր լինել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարազդատ Համաբարձումյանը՝ հավելելով.

«Կցանկանայի, որ աշխատանքս Աստված վաղվա օրվա լավ նշան համարեր: Մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր հոգուն.նա էլ մեկ բաժակ ջրի կարիք ունի: Կուզենայի, որ Աստված մեր ժողովրդի հոգու դռները բացեր և  մի քիչ լույս թափանցեր այնտեղ, որից կառաջանային հարգանքը, սերը, փոխըմբռնումը, ներողամտությունը:

Կուզենայի, որ աշխատանքս իզուր չլիներ, բացեր մարդկանց հոգու դռները, ու եթե ոմանց մոտ դրանք արդեն ժանգոտ են, թող  ճռռոցով լինի, բայց լույսը թափանցի ներս»:

Վարազդատ Համաբարձումյանը տեղեկացրեց, որ հաջորդիվ կցանկանար ցույց տալ Նարեկացու և Պարույր Սևակի հոգևոր կապը.

«Ցանկանում եմ, որ այդ հատվածը Պարույր Սևակի պուրակ լինի»,-նշեց խաչքարագործը:

Մեր հարցին, թե արդյոք այս մասին տեղյա՞կ է Մշակույթի նախարարությունը, ինչպիսի՞ արձագանք է եղել, խաչքարագործը պատասխանեց.

«Գիտեմ, որ տեղյակ է Արարատի մարզպետը, իշխանությունն էլ տեղյակ կլինի.Ես ուղղակի ժամանակ չունեի, քար տաշե՞մ, թե՝ զանգ կախեմ, ո՞րն անեմ…ուզում էի անպայման հունիսի 17-ին ավարտել աշխատանքս: Հույս ունեմ, որ մարդիկ կգան»:

Հավելենք, որ կոթողի բացման հանդիսավոր արարողությունը կմեկնարկի 17.06.2016թ., ժամը 11:00-ին (ՀՀ, Արարտի մարզ, գ. Զանգակատուն):

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more