«Կորում է գլխավորը՝ ո՞վ է լափել մանկապարտեզի շինարարության փողը՝ քաղաքապե՞տը, թաղապե՞տը, թե՞ շարքային մի խուժանի թաղապետ դարձրած Սարգսյան Արամը»
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեսրոպ Մանուկյանն ու Արթուր Չախոյանը տեսանյութով ներկայացնում են, թե պետական փողերով ինչ որակի շինարարություն է արվել Նոր Նորք վարչական շրջանի մի մանկապարտեզում: Այնուհետև դա վերածվում է փոխադարձ հայհոյանքների, հետո շատով մեկին ծեծելու փաստի: Եվ քանի որ բորենու նման շատով Արթուր Չախոյանի վրա հարձակվողները վեցնոցի մոտ վեցնոց աշխատող կուսակցությունից են, Սարգսյան Արամը թևերը քշտում ու մտնում է պարահրապարակ՝ էլ ռուսական սադրանք, էլ Բուչա, էլ Պապլավոկի դեպք, էլ Մարտի 1, էլ գող փիսո…
Եվ, այս թոհուբոհի մեջ կորում է գլխավորը. փաստացի, մանկապարտեզի շինարարության փողը լափել են ու պարզ չի, թե ով է լափել՝ շինարա՞րը, քաղաքապե՞տը, թաղապե՞տը, թե՞ շարքային մի խուժանի թաղապետ դարձրած Սարգսյան Արամը: Եթե կան մարդիկ, որ հավատում են, թե Սարգսյան Արամն իր կուսակցությունն անվճար է կցել վեցնոցին, ցավակցենք այդ մարդկանց և անցնենք առաջ: Բայց չմոռնանաք, գլխավորը՝ ի վերջո, ո՞վ է լափել մանկապարտեզի շինարարության փողը»:
***
Երևանի ավագանում անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թերությունների դեմ լռեցնելով պայքարելը այս իշխանությունների գործելաոճն է դարձել։
Լռեցնել ֆեյքերով, դեմոնիզացնելով, թե իրավապահ մահակով էական չէ։
Էական է, որ բուն թերությունները շտկելու փոխարեն դիմում են ռեպրեսիվ մեթոդների` ֆուտբոլ լինի, թե փինած շինարարություն։
Բերեմ ՓԱՍՏԱՑԻ օրինակներ։
Ֆուտբոլի սարսափելի վիճակի և գրանցված արդյունքների մասին խոսում են թե՛ պրոֆեսիոնալները, թե՛ երկրպագուները։
Երբ ֆանատական ակումբների տղաները (ընդ որում` նաև իրար հետ խնդիրներ ունեցող) կանգնեցին կողք կողքի հանուն հայկական ֆուտբոլի ապագայի, նրանց լսել չցանկացան, ֆեդերացիան մերժեց նրանց հետ հանդիպելու գաղափարը։
Ձայնը լսելի դարձնելու համար տղաները դիմեցին քայլի, որն անում են ամբողջ աշխարհով ֆանատները` խաղի ժամանակ դուրս եկան դաշտ։
Արդյունքում քաղաքացիական հագուստով ինչ֊որ մարդիկ տղաների հանդեպ ուժ կիրառեցին, նրանց բերման ենթարկեցին, հարուցված է քրեական գործ։
Ֆեդերացիայի նախագահն էլ հայտարարեց, որ հրաժարական չի տալու` վայելելով իշխանությունների աջակցությունը։
Հիմա գանք Արթուր Չախոյան հետ տեղի ունեցածին։ Արթուրը երկու֊երեք տարի է, ինչ զբաղվում է քաղաքային շինբարեկարգման թերությունները ի ցույց դնելով։
Եվ որ հասկանաք, թե որքան կեղծ ու մանիպուլյատիվ է ոմանց պնդումը, թե նրան Ռուսաստանն է գործուղել, ներկայացնեմ Արթուր Չախոյան բլոգերի կայացման ժամանակագրությունը, որի ականատեսն եմ եղել, ինչ֊որ առումով նաև ակտիվ մասնակիցը։
2023֊ին, երբ քաղաքապետ էր Հրաչ Սարգսյանը, Արթուրը նկարահանել էր Գայի արձանի տարածքի փինած տոմետները։ Ինձ գրառման տակ թեգել էին, և ես արձագանքեցի, կապ հաստատեցի իր հետ։
Որպեսզի չարաշահումների մասին կասկածները ուսումնասիրեմ, որպես ավագանու անդամ, օգտվելով իմ լիազորություններից, դիմեցի, որ ինձ տրամադրեն կատարողական թերթիկը։ Եվ ... առաջին անգամ ստացա մերժում` հիմնավորմամբ, թե դա կոմերցիոն գաղտնիք է։ Աղմուկ բարձրացրեցի, որովհետև չի կարող ավագանու անդամից գաղտնի պահվել հանրային միջոցներով արված շինբարեկարգման որևէ տեղեկատվություն։
Հատկանշական է, որ խոսքը գնում է նույն ընկերության մասին, որը նաև մանկապարտեզն է թերի նորոգել։ Ընկերության կապն էլ ՔՊ-ի հետ վաղուց արդեն բացահայտ է։
Միևնույն ժամանակ հեռարձակվող նիստի ժամանակ կոչ արեցի կանչել Չախոյանին և լսել նրան։
Երկու անգամ ձևական կանչել էին և երկու անգամ էլ շինբարեկարգման վարչության պետը չէր ցանկացել նրան լսել։
Արթուրի հետ հասանք մինչև Ազգային ժողով, որտեղ լսումներին կրկին ներկայացրեցինք տեղի ունեցողը։
Հետևանք չեղավ։
Աջափնյակի, Մաշտոցի գետնանցման և այլ խոտանների մասով նույնպես ես եմ եղել այն ավագանու անդամը, որը օգնել է Արթուրին ստանալ ծավալաթերթը կամ կատարողականը։
Ավելին, ես եմ Արթուրին խորհուրդ տվել քաղաքային խնդիրների վերաբերյալ բլոգեր դառնալ, քանի որ ինքս եմ եղել բլոգեր և բազմաթիվ խնդիր լուծել հենց հանրայնացնելով։
Մինչ այդ Արթուրը ընկերոջն էր տալիս հայտնաբերած խնդիրները։
Գոնե ինձ համար ակնհայտ էր, որ բլոգերի հետ շփման ճիշտ ձևաչափ չորդեգրեց իշխանությունը, ինչն էլ բերեց Արթուրի ռադիկալացմանը, ավելի սուր ու կոշտ դառնալուն ...
Արթուրի հայտնաբերածը ոսկոր էր դարձել «աննախադեպ շինարարություն» ենք անում մեդալը դոշներին կապածների մոտ։
Նույն ձեռագիրը. չցանկանալ լսել, չցանկանալ խնդիրը լուծել, այլ` վարկաբեկել, կապել սրա֊նրա հետ (ֆանատներին էլ դա փորձեցին անել), ի վերջո ֆիզիկական ուժ կիրառել ու հոդված կախել։
Կոռուպցիայից քիչ թե շատ հասկացողների մոտ այս չլսել֊վարկաբեկել֊լռեցնել սխեման միանշանակ եզրահանգում կարող է առաջացնել, որ գործ ունեք հովանավորչության և ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ կոռուպցիայի հետ։
Արթուրի կայացման պատմությունը գրեցի, որ խելք ունեցողը հասկանա, թե ոնց են հանուն խմբակային նեղ շահերի օգտագործում հակառուսականությունը և գրպանի մանրադրամ դարձնում պետության համար սուրբ հասկացությունը` ինքնիշխանությունը»։
***
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր Նորքի թաղապետարանում կատարվածի խմորը դեռ շատ ջուր է վերցնելու
«Մասիվի» թաղապետարանում կատարվածը, թաղապետի ու նրա խմբի կողմից բլոգեր Արթուր Չախոյանին ուղիղ եթերում ծեծելը, նրան թիկունքից հարվածելը ոչ եվրոպական արժեքներին է համահունչ, ոչ էլ՝ «լավ տղայի» կերպարին։ Թաղապետարանում կատարվածի խմորը դեռ շատ ջուր է վերցնելու։ Իրավիճակը Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար համար լավ բաներ չի խոստանում, լուծումն իրենց համար կարող է լինել վատ կամ ավելի վատ։ Վատն այն է, որ ծեծող թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնանկ արվի, առավել վատն այն է, որ նա մնա թաղապետի աթոռին։ Երկրորդ դեպքում ՔՊ-ի առանց այն էլ ցածր վարկանիշը՝ (8-9 տոկոս) ավելի է նվազելու արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ իշխանությունից բողոքավոր զանգվածի մոտ համոզմունք է ձևավորվելու, որ բռնարար իշխանության դեմ պայքարի արդյունավետ միջոց չկա, քան նրանց դեմ ավելի մեծ բռնություն գործադրելը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet