Կոչ ենք անում մեր քաղաքացիներին, որ Արցախից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ․ «Մենք քննարկել ենք տիրող իրավիճակը։ Մինչեւ այս պահը Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել։ Նաեւ պայմանավորվել ենք, որ անցագրային կետերում ջերմաչափում կիրականացվի երկու կողմերից ուղեւորվող քաղաքացիներին, եւ ջերմություն ունենալու պարագայում կխնդրենք վերադառնալ իրենց բնակության վայրերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ կառավարությունը ընդունեց մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը, եւ այն ուղարկեց Ազգային ժողով: