Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 19-ին քրեական գործ է ստացվել ըստ մեղադրական եզրակացության՝ խարդախության հատկանիշներով։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Դիանա Ղուկեյանին։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը
Հ․Վ․-ն մեղադրվում է այն արարքի կատարման համար, որ ունենալով ֆինանսական խնդիրներ՝ նպատակադրվել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող գործարար Գագիկ Ծառուկյանից, խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար: Նշված հանցանքն իրագործելու նպատակով 2025 թվականի հունիսի 26-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի, Առինջ բնակավայրում հանդիպել է Գ. Ծառուկյանին, որի ընթացքում դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով վերջինիս հայտնել է տեղեկություններ առ այն, որ 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին սկսված քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորի մորը՝ Վարդուհի Մանուկյանին, որդու հիշատակի համար Գյումրի համայնքում կառուցված հուշաքարի տարածքի բարեկարգման համար անհրաժեշտ է 15.000.000 ՀՀ դրամ: Նշված պատրվակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու նպատակով Հ․ Վ․-ն Գագիկ Ծառուկյանին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել բարեգործական գործունեություն ծավալող անձանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու, նրանց ծավալած ընթացիկ գործունեության մանրամասներին տիրապետելու մասին, և ի հավաստում նշվածի` Գ.Ծառուկյանին է ներկայացրել իր բջջային հեռախոսի հավելվածներում առկա անձնական բնույթի խոսակցություններ՝ խեղաթյուրելով նաև զրուցակիցների իրական տվյալները և այդ կերպ արժանահավատություն հաղորդելով իր կողմից հայտնված իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին:
Ուղղակի դիտավորությամբ կատարված վերը նկարագրված գործողությունների արդյունքում Հ.Վ․-ն Գ.Ծառուկյանից առձեռն ստացել է 15.000.000 ՀՀ դրամ, որն օգտագործել է անձնական կարիքների համար, մասնավորապես՝ հափշտակված գումարի մի մասը՝ 1.100.000 ՀՀ դրամը տվել է եղբորը, իսկ մնացած մասը օգտագործել է անձնական կարիքների, այդ թվում՝ ունեցած ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով:
Բացի դա, իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանից խարդախությամբ գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ վերջինիս հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով վերջինիս հայտնել է տեղեկություններ առ այն, որ անձամբ ճանաչում և շփվում է «Անարատ հղության հայ քույրերի միաբանության» պատասխանատու՝ Իտալիայի Հանրապետության Հռոմ քաղաքում բնակվող, հանրության լայն շրջանակին որպես «Քույր Արուսյակ» հայտնի Զաննեթ Անտոնի Սաջոնյանի հետ և Գագիկ Ծառուկյանին է փոխանցել իբրև թե վերջինիս խնդրանքը՝ միաբանությանն օգնելու նպատակով գումար տրամադրելու վերաբերյալ: Արդյունքում՝ Գագիկ Ծառուկյանը, հավատալով և վստահելով Հ․ Վ․-ին, 2025 թվականի ապրիլ ամսին Կոտայքի մարզի, Աբովյան համայնքի, Առինջ բնակավայրում, Զաննեթ Սաջոնյանի փոխանցելու նպատակով Հ․ Վ․-ին է փոխանցել 1.947.250 ՀՀ դրամին համարժեք 5.000 դոլարը, որից 1.557.800 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը Հ․ Վ․-ն խաբեությամբ հափշտակել է, իսկ 389.450 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլարը իր հանցավոր գործունեությունը շարունակելու, հետագայում նույն պատրվակով Գագիկ Ծառուկյանից կրկին գումար հափշտակելու, հնարավոր կասկածների առաջացումը կանխելու, ստացած գումարն իր կողմից խարդախությամբ հափշտակելը թաքցնելու, առավել համոզիչ և ազնիվ երևալու նպատակով փոխանցել է Զաննեթ Սաջոնյանի կողմից ղեկավարվող միաբանության Հայաստանի պատասխանատու Սաթենիկ Սիմոնյանին (Քույր Նարինե):
Դրանից հետո՝ 2025 թվականի մայիսի 24-ին, Հասմիկ Վիրաբյանը հանդիպելով Գագիկ Ծառուկյանին’ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով’ իր և Սաթենիկ Սիմոնյանի շփումները որպես իր և Զաննեթ Սաջոնյանի միջև շփումներ ներկայացնելով, Զաննեթ Սաջոնյանի անունից «Անարատ հղության հայ քույրերի միաբանության» համար կրկին գումար է խնդրել Գ.Ծառուկյանից և, առձեռն ստանալով 1.918.850 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար, հափշտակել է այն և օգտագործել է անձնական կարիքների, այդ թվում’ ունեցած ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով:
Մեղադրական հոդվածները
Հոդված 255
- մաս 3 կետ 3-Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով
- մաս 2 կետ 3-Խարդախությունը խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով
Կիրառված խափանման միջոցը
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում
2025 թվականի օգոստոսի 25-ին Դատարանը որոշել է ստանձնել քրեական գործը և նախնական դատալսումներ նշանակել 2025 թվականի սեպտեմբերի 04-ին՝ ժամը 15:00-ին։
Գործի ներկայիս կարգավիճակը
Գործով կայացել է 5 նախնական դատական նիստ։ Քննությունը շարունակվում է։
Աղբյուրն՝ այստեղ
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


