ՀՀ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնյաների ձերբակալմանը: Ֆեյսբուքյան իր էջում նա տարբերակներ է նշել, որոնք կարող էին այդ ձերբակալությունների համար պատճառ հանդիսանալ.
1. Կերել էին ու չէին կիսվել ամենավերևների հետ:
2. Պետք էր բոլորին ցույց տալ, որ բանակը կարգի բերելու համար մեզ Սամվել Բաբայանը պետք չէ:
3. Կառավարության հակակոռուպցիոն արշավը զոհեր է պահանջում:
4. Քառօրյա պատերազմի արդյունքում բացահայտված բոլոր թերացումները պետք էր ջարդել միջին օղակի գլխին, որ մոռացվեր գլխավորը:
5. Քաղաքական պայքարի շրջանակներում ձեռնտու էր հարվածել հենց այս ոլորտի ղեկավարին` բռնելով ու վախեցնելով նրա ենթականերին:
Կա՞ն արդյոք այլ վարկածներ: Այո: Հնարավոր է, այս մարդիկ պարզապես մեղավոր էին, և իրավապահները մինչ այս չգիտեին նրանց մեղքերի մասին: Հնարավոր է իրավապահները դեռևս անտեղյակ են նաև այլ ոլորտներում նմանատիպ չարաշահողների մասին: Իսկապես շատ բան է հնարավոր քառօրյա պատերազմից հետո` խորհրդարանական ընտրություններից առաջ»,- գրել է Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել, ոմանք ազատվել են աշխատանքից:
Մայիսի 30-ին ձերբակալվել էին միանգամից 3 բարձրաստիճան զինվորականներ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Մի քանի շաբաթ առաջ էլ ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանն էր ձերբակալվել:
Հավելենք, որ երեկ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը: