Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Վիետնամից Թուրքիա վերադառնալու ժամանակ ինքնաթիռում պատասխանել է «Turkiyegazetesi» թերթի ներկայացուցիչ Յուջել Քյոչի հարցերին:
Զրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետը խոսել է տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի և ռուսական կողմի հետ ընթացող բանակցությունների մասին:
Յըլդըրըմը նախ անդրադարձել է Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելի այն հայտարարությանը, թե հյուսիսայի Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն կարող է առիթ հանդիսանալ նոր պատերազմի:
Ի պատասխան դրան՝ Յըլդըրըմն ասել է, որ հանրաքվեն պետք է չեղարկվի, այլապես տարածաշրջանում նոր լարվածություն կառաջանա: Անդրադառնալով սիրիական խնդրին, Յըլդըրըմն ասել է, որ իրավիճակը հարթեցնելու նպատակով Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը այդ հարցում ակտիվ համագործակցության մեջ են: Հարցազրույցի ժամանակ խոսվել է նաև Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու հավանականության մասին:
Մասնավորապես Յըլդըրըմն ասել է, որ այլ երկրում ռազմական գործողություն իրականացնելու համար լուրջ հիմնավորում է պետք՝ առաջին հերթին միջազգային իրավունքի տեսանկյունից:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ներկայիս լարված իրավիճակում հնարավոր է թուրք-ամերիկյան բախում Սիրիայում, Յըլդըրըմն ասել է, որ եթե ամերիկյան կողմն իր խոստումը չպահի՝ Սիրիայի քրդերին զենք չտրամադրելու հարցում, ապա կարող են առաջանալ լուրջ խնդիրներ: Վերջում նա տեղեկացրել է, որ S-400-ի հարցում արդեն ձեռք է բերվել համաձայնություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև: