Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները և խաղաղ հեղափոխությունը բարձրացրել են Հայաստանի հեղինակությունը: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փոքրիկ լրագրողների հարցին ի պատասխան նշեց: Նախագահի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է, երկրում հեղափոխական փոփոխությունը կատարվեց շատ հազվագյուտ ձևով ՝ առանց մարդկային զոհերի, առանց բռնության, ինչ-որ տեղ ժպիտով, պարով և զգացումներով:
«Սա շատ յուրօրինակ երևույթ է աշխարհով մեկ: Ե՛վ Երևանում, և՛ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների մեծ մասը շատ ուրախ է և մեծ սպասելիքներ ունի»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Սարգսյանի կարծիքով՝ մեր երկրում տեղի ունեցածը համաշխարհային հանրության տեսակետից ևս շատ յուրօրինակ է, քանի որ աշխարհը տեսել է հեղափոխությունները Ուկրաինայում, Վրաստանում, Եգիպտոսում, սակայն դրանք միանգամայն ուրիշ որակի են եղել:
Ըստ նախագահի՝ կա մեծ ուրախություն, բայց և կան սպասելիքներ, որոնք չի կարելի չարդարացնել: