Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«2025 թվականի մայիսի 9-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում տեղի է ունեցել դատական նիստ հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու հարցով։ Շուրջ 6 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը որոշում է կայացրել մեկամսյա ժամկետով կալանավորել Լիլիթ Աղեկյանին։
Հաշվի առնելով վերջին 24 ժամերի խոշտանգումները Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը (ում մուտքը դատարան արգելվել է) մտավախություն ունի, որ կալանավայրում Լիլիթ Աղեկյանի կյանքին լուրջ վտանգ է սպառնում։
«Իրավապահ» համակարգի այս ապօրինի որոշման հետ իրենց գործուն միջամտությունն ունեն` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` չարձագանքելով Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու մասին Զարուհի Փոստանջյանի ահազանգին և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը, որոնց ներկայացուցիչն անլիարժեք կերպով է կատարել իր պարտականությունները, ինչը ևս հանգեցրել է Լիլիթ Աղեկյանին կալանավորելու ապօրինի որոշմանը։
Դատապարտելի է «իրավապահ» համակարգի նման գործելաոճը, ինչը վտանգ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար»։
Դիտեք նաև՝
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում նախկինում ե՞րբ էին կին հետաքննող լրագրողի մեկ ամսով կալանավորել։ Հայաստանը հիրավի ժողովրդավարության բաստիոն է, ընտրված ոչ ՔՊ-ական համայնքապետերի վրա քրեական գործեր են սարքում, նրանց կալանավորում, կին հետաքննող լրագրողին ազատությունից ու աշխատելու հնարավորությունից զրկում, իսկ պետական բյուջեից 25 միլիարդ դրամ մսխած ԱՆԻՖ-ի ղեկավար Տիգրան Ավինյանն ու Նորք Նորքի թաղապետարանում խմբով բլոգեր Արթուր Չախոյանին ծեծած թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ընդհանրապես անմեղ են։ Ինչպես հայտնի տեսանյութում է ասվում՝ Ռաֆիկ սավսեմ նե վինովատ»։ |
***
Երեկ ուշ գիշերով հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի իր պաշտպանին: Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար հրավիրվել է շտապ բուժօգնություն, սակայն դա չի խանգարել, որ նրան տանեն կալանքի ու կալանավորեն մեկ ամսով:
Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է հարուցված քրեական վարույթների շրջանակում, և ինչպես Քննչական կոմիտեն է տեղեկացնում, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
Ամենևին չփորձելով միջամտել քրեական վարույթին՝ հարկ է նշել, որ առնվազն կասկածահարույց է խնամքին տարեց ծնող ունեցող, ընդդիմադիր դիրքավորմամբ հայտնի կնոջը կալանավորելու՝ նախաքննական մարմնի մղումը այն դեպքում, երբ շատ ավելի արտառոց դեպքերում իրավապահ համակարգը մատը մատին չի խփում, եթե տվյալ ենթադրյալ հանցավոր արաքը կատարող անձը իշխանության նկատմամբ լոյալ է:
Մի՞թե հնարավոր չէր կալանքի հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությամբ ապահովել Լիլիթ Աղեկյանի պատշաճ վարքագիծը նախաքննության ընթացքում:
Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, և ի վերջո, հանրությունը պետք է հստակ իմանա՝ արդյո՞ք նրան մեկուսացնելու պատճառը Լիլիթ Աղեկյանի խոսքն ու գործունեությունը սահմանափակելու միտում չունի:
Ակնհայտ է, որ խնամքին տարեց մայր ունեցող Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ունեն իրավաչափության, համաչափության և խտրական վերաբերմունքի խնդիր:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ՝ Սաթիկ Սեյրանյան
09.05.2025թ.