Armtimes.com-ը գրում է.
Հուլիսի 8-ին նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարած 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (դիտավորյալ սպանություն) մասով եւ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին մեզ տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
Այդ օրը Շենգավիթում Վլադիկ Մարտիրոսյանի կողմից կացնահարված 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել է, իսկ նրա դուստրը՝ 37-ամյա Թագուհի Մանսուրյանը եւ ամուսինը 62-ամյա Վաչագան Մանսուրյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այսօր նրանք վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասացին «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Գանգուղեղային բաց վնասվածքներ ստացած հայրն ու աղջիկն արդեն կարողանում են խոսել, տեղաշարժվել:
Կացնահարված Մանսուրյանների ընտանիքից, ինչպես նաեւ գործով մեղադրյալ Վլադիկ Մարտիրոսյանից, ՀՀ ոստիկանությունը մի քանի հաղորդումներ է ստացել հանցագործության մասին: Այս մասին այսօր «Հայաստանում ընտանեկան բռնություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` նշելով. «Նախկին 8 ամփոփագրերից 4-ի ահազանգը եղել է, որ ամուսինը ծեծում է կնոջը, 2-ում ամուսինն էր զանգել Շենգավիթի ոստիկանություն՝ ասելով, որ իր զոքանչն իրեն ծեծում է, 7-րդ ամփոփագիրն աներն էր ահազանգել, որ ամուսինն է ծեծում, 8-րդ ամփոփագիրը փոխադարձ էր եղել. նախ զանգահարել էր ամուսինը եւ հայտնել՝ ինձ ծեծում են կինս եւ զոքանչս, մի քանի րոպե հետո` զանգահարել էր կինը՝ նշելով, որ «ամուսինս ծեծում է ինձ եւ մայրիկիս»»: Մեր հարցին, թե այդ բոլոր հաղորդումներին ոստիկանությունը ի՞նչ ընթացք է տվել, Դուրյանը պատասխանեց, որ բոլոր դեպքերում ահազանգերն անարձագանք չեն մնացել, կատարվել են հետաքննություններ, քննչական մարմիններին են նյութեր ուղարկվել, նշանակվել` դատաբժշկական փորձաքննություններ։ Նա նաեւ տեղեկացրեց, որ սահմանված են եղել օրեր, երբ ամուսինը կարող էր երեխային տեսակցել դատարանի որոշմամբ՝ միայն կնոջ ներկայությամբ: Հետագայում, ըստ ամուսնու ԴԱՀԿ ներկայացրած տվյալների, կինը ամեն կերպ խոչընդոտել է, որպեսզի ինքը երեխային չտեսնի: «Այսինքն` մենք ունենք խնդիր, որ անառողջ մթնոլորտ է տիրել ընտանիքում»,- ասաց Նելլի Դուրյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում