▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրային տոնախմբություն՝ ամբողջ Երևանում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով, Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների համատեքստում, նախապես մշակված միջոցառուներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Հիշեցնենք, որ երևանյան Վարդավառը վաղ առավոտյան մեկնարկել էր ջրցան մեքենաների տոնական շքերթով և արձանների լվացմամբ: 

 Ջրի տոնը շարունակվել է բոլոր վարչական շրջաններում:
 Ավան Վարչական շրջանում, առավոտյան նախ Պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ Ընտանիքի այգում, ինչպես նաև Իսահակյան, Դուրյան և Քուչակ թաղամասերի այգիներում կազմակերպվել են տոնին համահունչ միջոցառումներ, ջրախաղեր: 
 Արաբկիրի բակերում լրացուցիչ ծավալի ջուր են ապահովել ջրցան մեքենաները, իսկ երեխաներին բաժանվել են ջրամղիչ խաղալիքներ և դույլեր, հնչել է երաժշտություն: 
 Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգում էլ տեղի է ունեցել «Խաղ-ջրոցի» խորագրով միջոցառում, բաց են թողնվել խաղաղության խորհրդանիշ աղավնիներ, բաժանվել են ջրային խաղալիքներ ու կազմակերպվել է հյուրասիրություն: 
 Էրեբունիում կազմակերպվել է գեղարվեստական թատերականացված շրջիկ-միջոցառում: Տեղի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում էլ կայացել է համերգային ծրագիր և բեմադրվել է ներկայացում` Տեր Զգոն քահանայի օրհնությամբ: 
 Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Զորավոր եկեղեցու բակում կայացել է համերգային ծրագիր` Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: 
 Ջրի պակաս չի եղել նաև Նոր Նորք վարչական շրջանում, ուր մի շարք բակեր ու կենտրոնական փողոցներ են շտապել ջրով լցված մեքենաները: Ջրի օրհնության կարգով և հաջորդող ջրախաղով տոնական մեծ արարողություն է կայացել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: 
 Նորք-Մարաշում կայացել է տոնածիսական արարողություն՝ Նորքի 7-րդ, 15-րդ և 17-րդ փողոցներում: Ազգագրական և տոնին նվիրված երգեր են հնչել վարչական շրջանի աշխատակազմի շենքի տարածքում: 
 Սուրբ պատարագ է մատուցվել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում, որից հետո վարչական շրջանի կենտրոնական փողոցներում և բակերում կազմակերպվել են օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ: Ջրառատության խնդիր չեն ունեցել նաև նուբարաշենցի փոքրիկները: Նրանց լիարժեք ջրախաղն ապահովվել է նախապես բաժանված դույլերով: Դույլեր են բաժանել նաև Քանաքեռ-Զեյթունի երեխաներին: Դավիթ Անհաղթի պուրակում էլ կայացել է «Խաղ-ջրոցի» խորագրով միջոցառում:
 Ջրի տոնն անպակաս է եղել երևանյան, կարելի է ասել, բոլոր բակերից: Ի դեպ, առանձին դեպքերում երեխաներին իրենց աշխուժությամբ չեն զիջել ծնողները: 
 Մայրաքաղաքի գլխավոր ջրային գոտիներում՝ Կարապի լճի և Հանրապետության հրապարակիշատրվանների հարակից հատվածներում անցկացվել են օրվա գլխավոր միջոցառումները, որոնց մասնակցել են բազմաթիվ երևանցիներ և քաղաքի հյուրեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more