▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճի՞շտ է, որ մեր գործում ռուսական հետք կա»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց հանրային մեղադրողներին․ «Բացարկը հայտնում եմ իմ անունից, Բագրատ Սրբազանի անունից և թող ների ինձ Ռուբեն Մելիքյանը իր տիրույթ մտնելու համար՝ Մխիթար Գոշի անունից»,- ասաց Խուդոյանը։
Երկրորդելով փաստաբանի խոսքը՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Հենց առաջին օրն եմ ասել, որ մեղադրողները ոչ թե մեղադրողներ են, այլ զրպարտողներ։ Սա անպատասխանատու հայտարարություն չէ։ Գլխավոր դատախազին և ՔԿ ղեկավարին երկու հարց եմ ուղղել, որոնք մինչ օրս անպատասխան են։ Դրանք «երկու հոգու գյուլլեու» և «ավտոբուս վառելու» թեմաներին են վերաբերում»,- ասաց Բագրատ Սրբազանը, ապա անդրադարձավ իր և Միքայել Սրբազանի խուցը գաղտնալսելուն․ «8 ամիս լսել են, բավարար հիմք չեն գտել, վերջին ճիգ են գործադրել՝ պարզելու, թե որտեղ են այն զենքերի թաքստոցները, որով չգիտեմ ինչ ենք արել։ Ասեմ՝ դրանք Իջևանի ՔՊ-ի գրասենյակի նկուղում են»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հրապարակային ուղղելով 3-րդ հարցումը Դատախազին և ՔԿ «խեղճ ղեկավարին»․ «Ես այս հարցը ուղղել եմ նաև ԱԳՆ-ին, որտեղից զանազան միջազգային ներկայացուցիչներին ասել են, թե այս մեր գործն ունի ինչ-որ ռուսական հետքեր։ Հիմա հարցնում եմ՝ այդպիսի տեղեկություն կա՞»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հույս հայտնելով, որ հանրային մեղադրողներն իրենք ինքնաբացարկ կհայտնեն և «այդ քայլով կազատեն իրենց և իրենց սերունդներին ապագա բոլոր դժբախտություններից»:

***

«Արդեն ինքս իմ վրա էի կասկածում՝ կարո՞ղ է ահաբեկիչ եմ»,- դատարանում ասաց գնդապետ Միհրան Մախսուդյանը՝ նկատի ունենալով, որ փաստերը կեղծված են ներկայացվել։ Նրա խոսքով հենց առաջին օրից իշխանական քարոզչամեքենան սուտ տեղեկատվություն է հրամցրել հանրությանը, որը հետո արել են նաև հանրային մեղադրողները։ «Եթե նամուս թասիբ ունենան, այստեղ պետք է չլինեն։ Լավ են զգում, որ գնդապետ Մախսուդյանը Վարդաշեն ՔԿՀ-ում է, ես այնտեղ էլ եմ ինձ լավ զգում։ Ինձ մի բան է հուզում՝ հայրենքիս վերջնականապես չկործանեք»,- ասաց Մախսուդյանը։

***

Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Սրբազան պայքար»-ի գործով ներգրավված հանրային մեղադրողներին բացարկ է ներկայացրել։

Բացարկին միացավ նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում խոսքով հանրային մեղադրողներն իրականացնում են քաղաքական պատվեր․ «Իրենք են որոշել իրենց ճանապարհը, պարգևատրվել են «Մխիթար Գոշ» շքանշանով, վարչության պետ են դարձել․․․ Անգամ կնոջ կալանավորեցին, որից հետո չեմ հասկանում, թե ինչպե՞ս են նայել իրենց կանանց աչքերին։ Այն ժամանակ կամք չեն ունեցել պատվեր իջեցնողներին ընդդիմանան, մեզ մեր ընտանիքներից զրկել են, բայց գոնե հիմա կամք ունենան, ինքնաբացարկ հայտնեն, գնան»,- ասաց Սարգսյանը՝ հիշեցնելով․ «Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրող քննիչը, որը ևս ստացել էր «Մխիթար Գոշ» շքանշան, հիմա գտնվում է Վարդաշեն ՔԿՀ-ում»։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Սրբազան շարժման» գործով դատական նիստն է, որտեղ փաստաբանները հետևողականորեն «ջարդում» են ինչպես գործի տակ դրված կեղծ դրվագները, այնպես էլ իշխանության դաշտ նետած քարոզչական հորինվածքները:
Դատավորն ու դատախազներն անշուշտ այդ ամենը լավ գիտեն, սակայն ստիպված լսում են ապօրինությունների այն մանրամասները, որոնք փաստաբաններն իրավական առումով գրագետ և ուսուցողական տոնով նրանց են հրամցնում:
Դատախազները ագրեսիվ կեցվածքով փորձում են դիմադրել մի բանի, որի շանսը պարզապես չունեն, իսկ այս գործում իրենց մասնակցությունը դեռ խորը հետք կթողնի վերջիններիս մասնագիտական կյանքում` անկախ նրանից, թե հիմա այդ մասին գիտակցո՞ւմ են, թե՞ ոչ»:

Հիշեցնենք՝ Հովհաննես Խուդոյանը վարույթով ներգրավված բոլոր հինգ հանրային մեղադրողներին բացարկ հայտնեց։ Միջնորդությանը միացան բոլոր պաշտպանները։ Խուդոյանը պարզաբանեց, որ բացարկի հիմքում ընկած է հայտնի ձայնագրությունը, որտեղ, ըստ վարույթի նյութերի, զրուցում են Բագրատ Սրբազան ու Հովհաննես Ավետիսյանը։ Խուդոյանի խոսքով՝ քրեական վարույթի նյութերում առկա է «ակնհայտ կեղծիք»։

«Երկխոսության առանձին հատված դուրս է բերված արձանագրությունից՝ քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար»,- նշել է փաստաբանը։ Նա ներկայացրել է խոսակցության բովանդակությունը՝ պնդելով, որ այն ամբողջությամբ հակասում է վարույթի նյութերում առկա սղագրությանը։

Բագրատ Սրբազանը ևս հայտարարեց, որ մեղադրողները «մեղադրող չեն, այլ՝ զրպարտող»։
Հանրային մեղադրողները սակայն առարկեցին բացարկի միջնորդությանը։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more