«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Տոմսերի վաճառքի քաոսը և երկրպագուների դժգոհությունը՝ Հայաստան - Վրաստան Հանդիպման շուրջ։
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կանցկացնի գուցե տարվա իր ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակներում մրցելով Վրաստանի հավաքականի դեմ։ Սակայն, ինչպես արդեն սովորական է դարձել, հանդիպման տոմսերի վաճառքի գործընթացը կրկին ուղեկցվում է երկրպագուների դժգոհությամբ։
Տոմսերի բարձր գները՝ անհասանելի երկրպագուների համար
Տոմսերի գները, որոնք հրապարակվել են միայն այսօր, կրկին առաջացրել են քննարկումներ։ Շատ երկրպագուներ բողոքում են, որ դրանք անհամեմատ բարձր են հայկական ֆուտբոլի իրականության համար։ Հայաստանի առաջնության խաղերի ընթացքում մարզադաշտը հազվադեպ է լցվում, իսկ հավաքականի խաղերին մեծ թվով երկրպագուների ներկայությունը միայն խթանելու է թիմի հաջողութանը։
Ուշացած մեկնարկ և անկազմակերպ վաճառք
Մեկ այլ առանցքային խնդիր է տոմսերի վաճառքի ուշ մեկնարկը։ Երկրպագուները շաբաթներ շարունակ սպասում էին տոմսերի վաճառքի մեկնարկին՝ չկարողանալով նախապես պլանավորել իրենց այցը մարզադաշտ։ Նման կարևոր խաղերի տոմսերը պետք է հասանելի լինեն առնվազն մեկ ամիս առաջ, որպեսզի երկրպագուները կարողանան հանգիստ կազմակերպել իրենց մասնակցությունը։
Բացի այդ, արդեն առաջին ժամերին նկատվել են կազմակերպչական խնդիրներ: ՀՖՖ կայքից տոմսերի գնման համար արդեն իսկ գրանցված օգտատերերից նորից իդենտիֆիկացիա է պահանջվում, որը, ըստ ՀՖՖ- կատարվում է ամեն օր ժամը 10:00-ից 18:00-ն 30 րոպեի ընթացքում: Ի դեպ, կայքում մեկ այլ ժամ է գրված՝ 18:00, ֆեյսբուքյան հրապարակման մեջ՝ այլ, 20:00:
- Ձեր հոր գները շարնակեք դնել՝ մտածելով մարդիկ հարիֆ են , կառնեն , խնդրում եմ բոյկոտեք, որ իմանան»,- արձագանքել է երկրպագուներից մեկը տոմսերի վերաբերյալ հրապարակման մեկնաբանությունների բաժնում:
«Հեսա կվաճառեն վրացիներին ու մենք կլինենք ավելի քիչ, քան վրացիները, բայց դա մեր սեփական դաշտում»,- նշել է մյուսը:
«Իսկ ԺԷԿ- ից տեղեկանք պե՞տք է»,- արձագանքել է մեկ այլ երկրպագու:
«Տենց լավ չի 17500 դրամ դնեիք»,- նշել է մյուսը»։