Ոչ թե ճարտար խոսելուն նայեք, այլ մարդու ապրածին նայեք: Հայրենասիրությունը բաժակաճառ չէ, մարդն իր երկրի համար, իր ժողովրդի համար պետք է արած բան ունենա։ Այս մասին Հրազդանում, քարոզարշավի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Այսօր ձեզ նորից եմ ասում՝ ինչը վերցրել եմ, զարգացել, ծաղկացրել եմ: Սպորտը վերցրել եմ, որ Անկախության օրոք ութ տարի մեդալ չի եղել, չորս տարի հետո, միանգամից վեց Օլիմպիական մեդալն ենք բերել: Կազմակերպել եմ, դպրոցներ սարքել գույքով, բացել, սպորտսմեններին թոշակներ նշանակել»,-նշել է նա:
Գագիկ Ծառուկյանը հավելել է, որ տարեկան 200 մեքենա է նվիրել սպորտսմեններին, ինչպես նաև Օլիմպիական չեմպիոնին 1 մլն դոլար՝ ոգևորելու համար:
***
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ քարոզարշավի 4-րդ օրը հայրենի Կոտայքի մարզում է, այս անգամ՝ Հրազդան համայնքում:
Ընտրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներն իրենց անհանգստությունը հայտնեցին մեր հանրապետության անվտանգության խնդիրների վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանն էլ ի պատասխան հավաքված քաղաքացիների հարցադրումների՝ խոսեց իշխանության որդեգրած խաղաղության օրակարգից:
«Ժողովո՛ւրդ ջան, խաղաղությունը ո՞րն է. իրենք Ալիևի հետ պայմանավորվածություն ունեն, բայց ոչ մի ստորագրված, երաշխավորված փաստաթուղթ չկա: Ալիևը պիտի պահանջի՝ Քյարքին պիտի տաք, 300 000 հազար ադրբեջանցի պիտի գա, Սահմանադրությունը պիտի փոխվի: Մեր Արցախի ժողովուրդն եկել է, այստեղ մնալու տեղ չկա, մերոնք դռները փակել են՝ ունեցվածքը մեջը թողած, էնտեղ գնալու մասին խոսք չկա»,- նկատեց Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ Ալիևի խոսելուց հետո չի կարողանում գիշերները քնել․ «Այնպես է խոսում, կարծես՝ մենք գոյություն չունենք»:


