Բանաստեղծ Հակոբ Սրապյանն արձագանքել է մամուլի հրապարակումներին, որոնք վերաբերում են Սերժ Սարգսյանի նորանշանակ մամուլի քարտուղարի կենսագրությանը, մասնավորապես` լրագրության ոլորտում աշխատանքին:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանի պաշտոնական կենսագրության մեջ, որը հրապարակված է president.am կայքում, նշված չէր, որ նա լրագրող է եղել:
Բանաստեղծ Հաբոբ Սրապյանն, այս առիթով, մասնավորապես, գրել է. «ՀՀ նախագահի նորանշանակ մամուլի քարտուղարի հայտնությունը այս պաշտոնում շատերի զարմանքն է հարուցել ու արել … քնահարամ:
Իսկ ի՞նչ է եղել, ի՞նչ իշամեղու է խայթել նրանց, ովքեր փութաջանորեն ծանոթանալով նրա՝ պաշտոնական տեղակատվությամբ ներկայացված համառոտ կենսագրությանը, «էվրիկա» արածի հանգով աղաղակում են, թե՝ Վլադիմիր Հակոբյանը լրագրող չէ, այդ մասին նշված չէ նրա կենսագրականում:
Ինքս, լինելով այդ դաշտի հնաբնակներից, գրեթե մեկ առ մեկ ճանաչելով և՛ վաստակաշատ,և՛հետխորհրդային տարիներին ասպարեզ եկած ասելիք ու ձեռագիր ունեցող լրագրողներին, բանից անտեղյակ ակամա չարամիտներին պիտի տեղեկացնեմ, որ ժամանակին հրատարակվող «Օրրան» թերթի էջերից ինձ ծանոթ Վլադիմիր Հակոբյան ազգանունը, իսկ նրա տասնյակ հոդվածների, վերլուծական նյութերի, երկրի հոգս ու ցավեր նարծարծող հրապարակումներից շատերի վերնագրերն ու բունասելիքը առ այսօր վերհիշելի են ու տպավորված:
Գուցե հիշեցնե՞մ դրանցից մի քանիսի խոսուն վերնագրերը այն օրերի «Օրրան»-ը կարդացած-չկարդացածներն; Խնդրեմ՝ «Եվ տե՛ր, և ծառա», «Մոլորեցնողները», «Անապրանք առևտուր», «Ամբոխը՝ սուտն է», «Որոգայթ» …
Կարող եմ էլի ու էլի փորփրել հիշողությանս ծալքերը, բայց ավելիի իմաստը չեմ տեսնում:
Ի դեպ, նշեմ, որ այդ օրերի երիտասարդ լրագրողը շատերի ուշադրությունն էր գրավել, իսկ «Օրրան»-ի վաղամեռիկ խմբագրի՝ իմ գործընկեր Այդին Մորիկյանի ոգևորությունն անթաքույց էր երիտասարդ լրագրողի հայտնությամբ: Այնպես որ, եթե նշվածին ավելացնենք նաև այն, որ Հայոց բանակում ծառայելիսՎլադիմիր Հակոբյանը, զորամասի հրամանատարի աջակցությամբ, հիմնել և որպես խմբագիր հրատարակել է «Սպարապետ» թերթը, կարծում եմ, բանից անտեղյակ բամբասողներին պիտի որ ինչ-որ բան ընկալելի դառնա»:
Հիշեցնենք, որ ինքը` Վլադիմիր Հակոբյանը, ԶԼՄ-ներին տված պարզաբանման մեջ նշել է. «Ուսման տարիներին եւ դրան հաջորդած ժամանակաշրջանում աշխատել եմ տարբեր լրատվամիջոցներում, հիմնականում՝ համագործակցել եմ տպագիր մամուլի հետ եւ լուսաբանել ամենատարբեր թեմաներով միջոցառումներ ու իրադարձություններ»: