Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, նոյեմբերի 28-ին, «Դեղերի մասին օրենքի» փոփոխության Առողջապահության նախարարության առաջարկի քննարկմանը ներկա էր նախարար Արսեն Թորոսյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ Նա, մասնավորապես, վտանգ է տեսնում քաղաքացիներին տրամադրվող դեղերի մասին հանրային իրազեկումը ըստ անհրաժեշտության իրականացնելու հարցում։
Սրան տարակուսած արձագանքել է Արսեն Թորոսյանը․ «Եթե իշխող խմբակցության պատգամավորը, որը մեր հենարանը պետք է լինի կառավարության, Ազգային ժողովում ու պաշտպանի մեր նախագծերը, հասկանա մեր հիմնավորումները, նման կերպ է վերաբերվում մեր նախագծին, ապա ես այդ մասով առաջարկում եմ այդ հոդվածը հանել օրենքից»։
Առողջապահության նախարարի այս հայտարարությանն էլ արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը․ «Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, այդպես եղել է տարիներ առաջ, մենք դա մերժել ենք, իշխող խմբակցությունը․․․ այո, մերժում ենք կլասիկ քաղաքականություններ, որովհետև պառլամենտը ժողովրդի ներկայացուցիչն է և ոչ թե իշխանության։ Մեզանից յուրաքանչյուրն ընտվել է ժողովրդի կողմից և իր ներկայացուցիչն է, ոչ թե կառավարության։ Սա խնդրում եմ հստակ ֆիքսեք»։