▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելը մեր հարևանությամբ երկրորդ Ադրբեջանն է ուզում ստեղծել

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվեց  անկախության հանրաքվե: Արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների ավելի քան 93 տոկոսը պաշտպանել է տարածաշրջանի անկախությունը: Ըստ վերջին տվյալների՝ քվեարկել է շուրջ 3,3 մլն մարդ, մասնակցությունը կազմել Է 72,16 տոկոս:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ հանրաքվեն ունի որոշակի խոցելի կետեր՝ լեգիտիմության առումով, որոնք են՝ դիտորդների ոչ լիարժեք ներկայացվածությունը, Քրդստանի տարածաշրջանային կառավարության  նախագահի ղեկավարման ժամկետի ավարտը, որը 2 տարի առաջ էր, ընդդիմադիր ուժերի որոշումներին չմասնակցելը և այլն:

«Բայց, եթե խնդրին օբյեկտիվորեն մոտենանք, ապա Իրաքի Քրդստանի տարածաշրջանի բնակչության   մեծամասնությունը կողմ է այս անկախությանը: Այլ հարց է, թե անկախությունը ե՞րբ կհռչակվի: Մենք ականատես ենք լինելու երկար ու ծանր բանակցությունների»,-ընդգծեց իրանագետը:

Նրա խոսքով՝ հանրաքվեին դեմ են արտահայտվել Իրանն ու Թուրքիան.

«Իրանը հետաքրքիր մոտեցում է որդեգրել.առաջին ջութակի դերակատարությունը թողել են Թուրքիային: Իրանը երբեք չի ասել, որ դեմ է Քրդստանի անկախությանը, ասել է, որ կողմ է Իրաքի միասնականությանը, իսկ Թուրքիայի դիրքորոշումն ավելի ջղայն էր: Էրդողանն անգամ սպառնալիքներ հնչեցրեց: Տարօրինակ է արաբական պետությունների լռությունը: Սաուդյան Արաբիան է պաշտոնապես հռետորության մակարդակով դեմ արտահայտվել Իրաքի մասնատմանը: Միակ պետությունը, որը դրական արձագանքներ է հնչեցրել՝ Իսրայելն է, որը նպատակ է դրել ստեղծել երկրորդ հակաիրանական երկիրը, որը Ադրբեջանի հետ միասին կդառնա իսրայելակենտրոն դաշինքի դերակատարներից մեկը»,-նշեց Վարդան Ոսկանյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ իրանագետի խոսքով՝ մեր դիրքորոշումը պետք է լինի կշռադատված և դուրս՝ զգացական դաշտից:

«Անշուշտ, համակրանքով ենք լցված քուրդ ժողովրդի պայքարի հանդեպ, բայց ունենք մեր շահերը, որոնք վտանգվում են, եթե քրդական գործոնի ակտիվացում նկատվի Իրանում, որովհետև  Իրան-Հայաստան  հարաբերությունները կենսական նշանակություն ունեն: ՀՀ ոչ մի քաղաքացի չի ցանկանա, որ մեր հարևանությամբ ստեղծվի «հարավային Ադրբեջան» կոչվող պետություն: Մենք պետք է կապեր պահպանենք բոլոր կողմերի հետ՝ չնեղացնելով ոչ մեկի»,-նկատեց Վարդան Ոսկանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more