Life.panorama.am-ը գրում է, որ դերասանուհի Իրինա Դանիելյանը, ով մեկ տարուց ավելի որպես հաղորդավարուհի էր ներկայանում Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեր մեջ ասած» հաղորդման շրջանակներում, այսուհետ Առաջին ալիքի նոր եթերաշրջանում կցուցադրի իր մասնագիտական հմտությունները և իր յուրօրինակ հումորային կերպարով մարդկանց ծիծաղ կպարգևի հեռուստաընկերության նախաձեռնած նոր սիթքոմի միջոցով, որը հոկտեմբերից եթերում կլինի.
«Հեռուստաընկերությունը որոշում կայացրեց, որպեսզի ես հաղորդումից տեղափոխվեմ նոր սիթքոմ: Ինձ էլ այս նոր նախագիծն ավելի հարազատ է, այստեղ ինձ ավելի հարմարավետ եմ զգում, քանի որ ներկայանում եմ իմ մասնագիտությամբ, թեպետ հաղորդման շրջանակներում և հատկապես այդ կոլեկտիվի առկայությամբ ևս ինձ շատ լավ էի զգում. ես իսկապես գերագույն հաճույք եմ ստացել այն ողջ ընթացքում, երբ աշխատել եմ «Մեր մեջ ասած» հաղորդման համար»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նոր աշխատանքի և «Մեր մեջ ասած» հաղորդման մասին նշել է Իրինա Դանիելյանը:
Նոր սիթքոմը, որի ռեժիսորն է Հրաչյա Զաքարյանը, կոչվում է «Ընտանյոք հանդերձ»: Սիթքոմի հայկական հումորային համն ու հոտը դերասանուհու հետ միասին կապահովեն Լալա Մնացականյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Լուիզա Ներսիսյանը, Լևոն Հարությունյանը, Սամվել Թոփալյանը, Թամարա Գևորգյանը եւ այլոք: Իրինա Դանելիելյանը տեղեկացրել է, որ սիթքոմի նկարահանումները արդեն սկսված են.
«Սիթքոմի նկարահնումները վաղուց են սկսվել, պարզապես այն վայրը, որտեղ իմ կերպարի զարգացումները պետք է տեղի ունենան, բավական երկար էր փնտրվում, ուստի իմ հատվածների նկարահնումները սկսվեցին ավելի ուշ»,- ասել է դերասանուհին.
«Սիթքոմում ես ներկայանում եմ որպես «Lounge bar»-ի տնօրեն: Իմ կերպարը իբրև թե հարուստ կին է, ով ունի գեղեցիկ արտաքին, զարգացած է, բայց նրա անձնական կյանքը չի դասավորվել և նրա միակ ձգտումը տղամարդ գտնելն է: Այդ փնտրտուքի ընթացքում նա կարող է ուշադրություն դարձնել անգամ ոչ արժանի տղամարդկանց: Կերպարս դեռևս զարգանում է բարմենի հետ, ում դերը մարմնավորում է դերասան Սուրեն Թումասյանը, ով չի ցանկանում կորցնել իր աշխատանքը և դրանից ելնելով սկսում է հաճոյախոսել իր կին-տնօրենին, այսինքն՝ ինձ, դե իսկ իմ կերպարն էլ այդ ամենը ուրիշ կերպ է հասկանում, նրան թվում է, թե իր բարմենը սիրահետում է իրեն»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում