Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Որքան էլ տարօրինակ թվա, սակայն ադրբեջանի հետ այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը մի կողմից, և Թուրքիայի կողմից Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման խնդրի առկայությունը մյուս կողմից, ձեռնտու է բոլորին, բացի մեզանից, թուրքերից ու ադրբեջանից, քանզի այդ խնդիրներն են, որ ՛՛մեծ տերություններին՛՛ և անգամ վրաստանի նման ոչնչություններին, թույլ են տալիս շահարկումների, շանտաժի, բանսարկությունների միջոցով թե՛ թուրքիային, թե՛ ադրբեջանին և ինչու ոչ, նաև մեզ ստիպել անել այն, ինչ իրենք են կամենում: Եվ քանի դեռ ՛՛մեծ տերությունների՛՛ հետաքրքրություններն այս տարածաշրջանում իրար հակասում են, ապա կայունության ու խաղաղության մասին խոսելն անիմաստ է: Այս առումով եռանախագահներ կոչվածների գործունեությունը, առաջին հերթին ուղղված է այս տարածաշրջանում իրենց երկրների շահերի պաշտպանությանը և բնավ ոչ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Նրանց գործողությունները մեծ հաշվով, կարելի է բնութագրել որպես փարիսեցիություն, եթե չասենք պոռնկություն…
Այդ պոռնկությունը տեղի է ունենում հենց այսօր, մեր աչքերի առջև: Թուրքիայի տարածքով եվրոպան սնուցող գազամուղի երկու ծրագրեր են այսօր հակամարտում. Մեկը արևմուտքի կողմից հովանավորվող TANAP կոչվածը, մյուսը ռուսաստանի կողմից առաջ քաշվող և արդեն որևէ հեռանկարից զուրկ ՛՛ թուրքական հոսքը՛՛: Ռուսաստանի և թուրքիայի կողմից անցած տարվա դեկտեմբերին գրեթե համաձայնեցված այդ ՛՛թուրքական հոսք՛՛ կոչված ծրագիրը խափանվեց ամերիկացիների կողմից: Թուրքիայի այդ ինքնագլուխ քայլին ընդդեմ խաղարկության հանվեց թուրքերի բոլոր խաղաքարերը ՛՛հեչ անող՛՛ և միշտ ամերիկացիների ձեռքին գտնվող ՛՛ջոկերը՛՛, այն է նախագահ Օբամայի կողմից ՛՛ցեղասպանություն՛՛ եզրույթի օգտագործման և դրանից բխող անդարձելի և թուրքիայի պետականության համար կործանարար հետևանքների առասպելը: Թուրքն անմիջապես ընկրկեց և պատրվակն էլ պատրաստ էր.
Պուտինի ապրիլքսանչորսյան այցը Երևան որակվեց որպես ոչ բարեկամական քայլ և ԻԲՐ այդ պատճառով կասեցվեցին ՛՛թուրքական հոսք՛՛- ի հետ կապված ՛՛աշխատանքները՛՛: Բայց սա դեռ պոռնկության մի մասն է: Խաղի բոլոր մասնակիցները փայլուն գիտեն ռուսական ծրագրի կասեցման ԲՈՒՆ պատճառները, որոնք վերբալ առումով օբյեկտիվ են. Եվրոպան ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ռուսաստանից և էներգակիրների այլ մատակարարներ է գտել: Եվ Ռուսաստանն էլ քաջ գիտե, որ եթե Պուտինն իր պապու ձեռքն անգամ բռնած գնար գալիպոլի (ռուսիո համար նվաստացուցիչ քայլ), միևնույն է ՛՛թուրքական հոսքը՛՛ չէր կայանալու: Եվ ահա այստեղ է, որ սկսվում է պոռնկության հաջորդ մասը:
Ռուսները, ծրագրի ձախողման գլխավոր մեղավոր են նշանակելու մեզ, հայերիս, և դա արդեն երևում է իրենց մեդիատարածքներում: Իրականության հետ որևէ աղերս չունենալով, սա ռուսների համար շահեկան դիրքորոշում է, մանավանդ, որ թույլ է տալու հարկ եղած դեպքում հաշիվ ներկայացնել Հայերին ու դիմացը բան պահանջել:
Թուրքերի պարագայում ամեն ինչ առանց այն էլ պարզ է. Հայերը ամեն ինչում և միշտ են մեղավոր: Արևմուտքի կողմից Հայկական Հարցի այսչափ շահարկման գլխավոր նպատակն, իհարկե, Հայկական Հարցի լուծմանը նպաստելը չէր, ինչպես շատերս միամտորեն կարծում ենք, այլ ՛՛երես առած՛՛ թուրքին իր տեղը ցույց տալն էր: Թուրքին կոպտորեն ասվեց, որ ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում և առանց ՛՛բոսերի՛՛ հետ խորհրդակցելու ինքնուրույն որևէ քայլ անելու իրավունք չունի: Արևմուտքի արածը ևս մեծ պոռնկություն էր, քանզի նա իր այդ քայլով թուրքերին է՛լ ավելի լարեց հայերի դեմ:
Այսօրվա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, ցավոք, դեռ երկար կարող է շարունակվել: Սովորելով ապրել այս պայմաններում, մենք պիտի փորձենք հասկանալ իրենց մեծ անվանող տերությունների խաղացած ՛՛խաղի՛՛ տրամաբանությունը, կամաց-կամաց ՛՛վեցնոցից՛՛ վերածվենք խաղի մասնակցի ու ինքներս էլ մեր խաղը խաղալով փորձենք առավելագույն ՛՛բոնուսներ՛՛ վաստակել մեզ համար: