▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ գիտեք , թե ո՞վ է Գևորգ Պապոյանի հարսանիքի քավորը

168.am-ը գրում է․ «Երեկ կիսգիշերին ՔՊ-ականները ցնծում էին Վաղարշապատ խոշորացված համայնքում ընդդիմության նկատմամբ տարած «ջախջախիչ» հաղթանակի առիթով: Եվ սա այն դեպքում, երբ ընտրության մասնակիցների թիվը կեսից քիչ էր՝ շուրջ 42%,  ողջ վարչական ռեսուրսն ու լծակները դրված էին ՔՊ-ի տակ: Այդքանով հանդերձ՝ ՔՊ-ն բոլոր տեղամասերի նախնական հաշվարկով շուրջ 48% կողմ ձայն էր հավաքել, և միայն Դ’Հոնտի բանաձևով մասնակից ուժերի փոշիացված ձայների հավելահաշվարկով է ստացել շուրջ 52% կողմ ձայն, որի արդյունքում էլ միանձնյա քաղաքապետ կընտրի:

Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընդամենը 21.8% ընտրողների աջակցություն (15,298 քվե՝ 69,866 ընտրողից), սակայն շեմը չհաղթահարած ուժերի ձայների դուրսմղումից հետո այն ձևավորում է ավագանու 58% մեծամասնություն՝ 33 մանդատից ունենալով 19 մանդատ։

Բայց սա, իհարկե, չխանգարեց, որ ՔՊ-ն կացնային քարոզչություն անի ընտրությունների արդյունքներով, իսկ ՔՊ-ականների խրախճանքի առաջամարտիկը «ֆիկտիվ» ՀՀԿ-ական, ՔՊ-ի գրասենյակի մոտ  Ալեն Սիմոնյանին գրկած՝ ինքնամոռաց ուրախացող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր, ով բարձրախոսը ձեռքին՝ ճչում էր, որ հաղթել են «ռոբասերժականներին»:

Նախարարի կարգավիճակի մասին մազաչափ պատկերացում անգամ չունեցող Գևորգ Պապոյանն այնքան էր ուրախացել ՔՊ-ի մազապուրծ հաղթանակով, որ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, Վաղարշապատում ջախջախիչ պարտության է մատնում դաշնակներին, Ռոբին, Սերժին, Վանեցյանին, ձևիստներին, էն դուբինկով մարդուն, Կտրիճին, «հրապարակ», «ժողովուրդ», «168» թերթերին ու իրենց շրջապատին» (գրառումը մեջբերված է նույնությամբ՝ արտացոլելով Գևորգ Պապոյանի գրագիտության ողջ «պերճանքը»,- Ա. Վ.):

Բայց անգամ դա չի հարցը. ուրախանում է, թող ուրախանա. ի վերջո, ՔՊ-ի՝ ցանկացած մակարդակում վերարտադրվելն իրենց համար էքզիստենցիալ գոյության հարց է լուծում: Նրանք բոլորը շատ լավ գիտակցում են՝ իշխանափոխությունից հետո շատ կեղտեր են ջրի երես դուրս գալու՝ կոռուպցիա, թալան, իշխանության չարաշահում…

Գևորգ Պապոյանը ցնծում էր, որ ՔՊ-ն հաղթել է «Հաղթանակ» դաշինքին, որի ցուցակը գլխավորում էր Գևորգ Պապոյանի հարսանիքի քավորը՝ Սևակ Խաչատրյանը, ով եկեղեցում Գևորգ Պապոյանի գլխին խաչ է պահել: Գևորգ Պապոյանը գիշերը թռվռում էր իր քավորի պարտության համար, որն, իհարկե, պարտություն չէր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլանդակ հակաքարոզչության պայմաններում անգամ Սևակ Խաչատրյանը կարողացավ շուրջ 32% ձայն հավաքել ու հաղթել Էջմիածին քաղաքում:

ՔՊ-ականների մոտ քավոր ուրանալն, իհարկե, նոր բան չէ, ոչ էլ՝ արտառոց, ի վերջո, հայրենիք ուրացողների համար քավոր ուրանալը մեծ բան չէ, բայց ամեն դեպքում Գևորգ Պապոյանին առաջարկում ենք հայտարարել, որ Սևակ Խաչատրյանը «ֆիկտիվ» քավոր է եղել:

Եվ մի բան էլ. ֆիկտիվ ՀՀԿ-ական, ֆիկտիվ պատարագի մասնակցող Գևորգ Պապոյանին, ով անգամ խաչակնքվել չգիտի, ֆիկտիվ քահանաները տեսնես չե՞ն ասել, որ քավորը սրբություն է… Հավանաբար չեն ասել, որովհետև իրենք էլ չգիտեն՝ դա ինչ է:

Հեղինակ՝ Արմինե Վարդանյան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more