Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ստիպած եմ նորից անդրադառնալ տուր-օպերատորների կողմից ֆեյսբուքում տարածվող անբարեխիղճ գովազդին: Քանի որ երևույթը լայն տարածում ունի, դրա համար էլ չեմ կենտրոնանում հատուկ մեկի վրա:
10 օր առաջ մի շատ շտապ, բում, թեժ առաջարկ պարունակող գովազդ էր պտտվում` 350 դոլարով (ուղղությունը էական չի) 5 աստղանի հյուրանոց, 12 օր ու գիշեր, թռիչքը` Վրաստանից, մնացել է ընդամենը 7 տեղ: Փորձեցի զանգել տվյալ գործակալություն, ասեցի, որ 2 ուղեգիր եմ ուզում ձեռք բերեմ: Ինձ ասացին, որ կա և եթե մոտենամ կես ժամվա մեջ, ապա սիրահոժար կտրամադրեն: Գործակալություն այցելեցի ուղիղ 20 րոպե անց, անգամ ասեցի, որ ես եմ զանգահարել: Պարզվեց, որ այդ 7 ուղեգիրը երկու րոպե առաջ սպառվել է, բայց ինձ առաջարկեցին նույն պայմաններով ուղեգիր, ուղղակի 600 դոլարով: Բնականաբար ևս մի անգամ համոզվելով տուր օպերատորի կեղծ գովազդով «կլիենտ» կպցնելու քաղաքականության վրա, վերադարձա տուն: Հաջոր օրը ֆբ--ում կրկին հանդիպեցի հենց նույն գովազդին ու կրկին զանգահարեցի: Ինձ բառ-առ բառ պատասխանեցին նույն տեքստով, ինչպես և մեկ օր առաջ: Սա համատարած զավեշտ է դարձել, որի պատճառով նախ և առաջ տուժում են շարքայն քաղաքացիները, և ապա բարի համբավ ունեցող տուրիստական գործակալությունները:
Հարգելի քաղաքացիներ, բացելով փակագծերը տեղեկացնեմ, որ եթե կա որևէ թեժ, բում առաջարկ, այսպես կոչված «վառված տուրեր» անհամեմատ էժան գներով, ապա այդ ինֆորմացիային տիրապետում են բացառապես բոլոր ծանրակշիռ տուրիստական գործակալությունները: Ողջ այդ ինֆորմացիան կենտրոնացված է համընդհանուր ծրագրի մեջ, որը հասանելի է նրանցից յուրաքանչյուրին: Եթե դուք ցանկանում եք անհոգ հանգիստ անցկացնել, ապա առանց տարատեսակ գովազդներին խաբվելու, մտեք որևէ լուրջ գործակալություն և ուղղակի հայտնեք, թե Ձեզ ինչ տիպի հանգիստ է հարկավոր: Կարծում եմ, որ այդ դեպքում դուք և լիարժեք տեղեկատվություն կստանաք, և ապահովագրված կլինեք կեղծ գովազդների զոհը դառնալուց: