▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանը՝ Ալի Խամենեիի մահից հետո

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին հարվածելուց և նրա գերագույն առաջնորդի մահից հետո Թեհրանի հետ համաձայնության գալն ավելի հեշտ է դարձել։

«Հիմա շատ ավելի հեշտ է դրան (դիվանագիտական ​​լուծմանը – խմբ.) հասնելը, քան մեկ օր առաջ էր», - ասել է նա CBS-ին։

Թրամփի խոսքով՝ իրենք սպասում են Թեհրանի պատասխան արձագանքին։ Նա նաև պնդել է, որ Իրանը «շատ է տուժել» հարվածներից։

***

Իրանը հաստատել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

Այաթոլլահ Խամենեին 37 տարի ղեկավարել է Իրանը և մուսուլմանական Ումման՝ 1989 թվականին Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահից հետո։

***

Իրանի կառավարությունը հայտարարել է 40-օրյա սուգ և յոթօրյա պետական ​​տոներ՝ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

***

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին և պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն զոհվել են Պաշտպանության խորհրդի նիստի վայրում ավիահարվածի հետևանքով, հայտնել են Fars լրատվական գործակալությունը և IRNA պետական ​​լրատվական գործակալությունը։

Զոհվածների թվում են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Մոհամմադ Պակպուրը և Գերագույն գլխավոր հրամանատարի և Պաշտպանության խորհրդի քարտուղարի խորհրդական, ծովակալ Ալի Շամխանին։

***

Tasnim-ի փոխանցմամբ՝ իրանցիները բողոքի ցույցեր են անցկացնում Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո՝ Էնգելաբ հրապարակով շարժվելով դեպի Թեհրանի կենտրոն։

Ըստ Fars լրատվական գործակալության՝ հրապարակում հավաքված մարդիկ վանկարկում են «մահ Ամերիկային» և «մահ Իսրայելին» կարգախոսներ։

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցավալիորեն, Միացյալ Նահանգների և դաշնակիցների կողմից մեր տարածաշրջանում և հարակից գոտիներում տիրող բռնապետական վարչակերգերի տապալմանը հետևել են ներքաղաքական, ազգամիջյան և ներկրոնական երկարատև արյունալի բախումներ՝ խլելով հարյուր հազարավոր կյանքեր և պատճառել միլիոնավորներ փախստականների հոսքերի...
Հուսանք, Իրանը կխուսափի այդ ամենից, որովհետև դրա հետպատերազմյա ազդեցությունը կարող է նաև Հայաստանի վրա ազդել:
Նշենք մի քանի բռնապետական երկիր, որտեղ տասնամյակների առաջնորդների տապալումից հետո անգամ խաղաղություն չի եկել և ժողովրդավարություն չի հաստատվել՝ Աֆղանստան, Սիրիա, Իրաք, Լիբիա...
Բարգավաճ Իրանը կարող է Հայաստանի համար դառնալ կարևոր տնտեսական, էներգետիկ, առևտրային, զբոսաշրջային գործընկեր:
Հետաքրքիր է՝ ԱՄՆ-ն և Իսրայելը հակված են ամբողջովին տապալե՞լ իսլամական համակարգը և ներդնել աշխարհիկ իշխանություն, ինչպես էր նախքան հեղափոխությունը՝ Շահի ժամանակ, թե՞ բարեփոխումներ և նոր իսլամական էլիտա է գալու:
Հիշեցնենք, որ Իրանը բազմազգ պետություն է, որտեղ 90 միլիոն բնակչությունն ունի մոտավոր հետևյալ պատկերը.
պարսիկներ կամ ֆարսի - 60 տոկոս
թյուրքախոս ազերիներ - մինչև 25 տոկոս
սորանի քրդեր - մինչև 10 տոկոս,
ինչպես նաև՝ լուրեր, արաբներ, թալիշներ և այլք...»:

***

Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ավելի քան 20 ամերիկյան բազաների, Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) հրամանատարական շենքի և Թել Ավիվի պաշտպանական համալիրի, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC):

«Իրանական բանակի թիրախների թվում էին տարածաշրջանում գտնվող 27 ամերիկյան բազաները, Իսրայելի բանակի գլխավոր հրամանատարության շտաբ-բնակարանը և Թել Ավիվի խոշոր պաշտպանական արդյունաբերական համալիրը», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԻՀՊԿ-ն «թույլ չի տա լռեցնել սիրենաները» Իսրայելում և ամերիկյան բազաներում և կձեռնարկի «ավելի հզոր հարձակում թշնամու օբյեկտների և թիրախների վրա»։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացում է հղել Իրանին, որը պատրաստվում է նոր հարձակումների ալիքի։

«Թեհրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու։ Բայց նրանք չպետք է դա անեն, հակառակ դեպքում մենք նրանց կհարվածենք աննախադեպ ուժով», - գրել է նա Truth Social-ում։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն և Իսրայելը հասել են առաջին էտապի պլան մաքսիմումին, հաջորդիվ փորձելու են ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի փլուզվի կառավարման համակարգն Իրանում և Իսլամական Հանրապետությունը վերաֆորմատավորվի որպես աշխարհիկ պետություն։ Սա ԱՄՆ-ի և Իսրայելի պլան մաքսիմումն է։
ԱՄՆ-ի համար իր եվրասիական ռազմավարական գերակայությունն ապահովելու համար անհրաժեշտ է Իրանի հետ դաշինք, այնպես, ինչպես կար 1979 թվականից առաջ։ Կարող եք սա անվանել նաև պատմական ռևանշ իսլամական հեղափոխության նկատմամբ, որով ավարտվեց Եվրասիայի սրտում` Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հեգեմոնիան։
Մյուս կողմից` ԱՄՆ-ի համար ամենաանցանկալի սցենարը Իրանի մասնատումն է, որը կնվազեցնի ԱՄՆ-ի ռազմավարական համակարգված և կենտրոնաձիգ գերիշխանության հաստատման հնարավորությունը։
Աստված պահպանի բարեկամ ժողովրդին, և ինչ էլ լինի, թող որ լինի ի շահ Իրանի ժողովրդի։
Իսկ մենք պարտավոր ենք աշխատել ցանկացած իշխանության հետ, որը կլինի Իրանում»:

***

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ՝ փետրվարի 28-ի առավոտյան, մեր տարածաշրջանը մտավ նոր՝ վտանգավոր փուլ։ Սկսվեց այն, ինչ երկար ժամանակ կանխատեսվում էր, բայց որի իրական հետևանքները դեռևս ամբողջությամբ դժվար է գնահատել: ԱՄՆ–Իսրայել հարվածները Իրանի ուղղությամբ փաստացի բացեցին լայնածավալ ապակայունացման դուռը։
Տարածաշրջանը եռում է։ Ոչ թե փոխաբերական, այլ բառի ամենաուղիղ իմաստով։
Եվ այս ֆոնին նայում ես Հայաստանի իշխանությունների հրապարակած լուսանկարներին ու, անկեղծ ասած, մի պահ կարկամում ես։ Մինչ աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է մեր անմիջական հարևանություն, մինչ մեծ խաղացողները վերաձևում են աշխարհը, Հայաստանի իշխանությունները զբաղված են նախընտրական «էքսկուրսիաներով»՝ ավտոբուսներով, ժպիտներով, պերաշկի ծամելով և իրականությունից կտրված տեսարաններով։
Այստեղ խնդիրը նույնիսկ քաղաքական հակադրությունը չէ։ Խնդիրը՝ ադեկվատության բացակայությունն է։
Երբ տարածաշրջանում հրդեհ է բռնկվում, պետության ղեկավարը պարտավոր է լինել ոչ թե քարոզարշավի ռեժիմում, այլ՝ ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Պարտավոր է հաշվարկել ռիսկերը, հասկանալ հաջորդ քայլերը, ապահովել երկրի անվտանգային, տնտեսական և դիվանագիտական դիրքավորումը։
Իրանը մեր անմիջական հարևանն է։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող «արտաքին» լինել Հայաստանի համար։ Սա ուղիղ ազդեցություն ունի մեր անվտանգության, հաղորդակցությունների, էներգետիկ կայունության և նույնիսկ պետականության հեռանկարի վրա։
Այսօր տարածաշրջանում սկսվել է մի գործընթաց, որի տրամաբանությունը պարզ է՝ ուժերը վերադասավորվում են, խաղի կանոնները փոխվում են, և թույլ պետությունները դառնում են առաջին հարվածի տակ հայտնվող օբյեկտներ։
Հարցը պարզ է՝ Հայաստանը այս գործընթացում սուբյե՞կտ է, թե՞ դիտորդ։
Կամ ավելի ճիշտ՝ կարո՞ղ է լինել սուբյեկտ մի իշխանության պայմաններում, որը նույնիսկ չի արձանագրում վտանգի իրական չափն ու մնում է անհաղորդ` ցուցադրելով վտանգավոր անգործություն:
Պետականությունը չի հանդուրժում գիտակցված կամ չգիտակցված իշխանական անլրջություն։ Պատմությունը՝ առավել ևս»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more