▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ը թուրքական տանկեր է խոցել

Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության 14-րդ օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները հակատանկային հրթիռներով խոցել են թուրքական տանկեր:

Թուրքիայի ԶՈՒ կողմից արված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Սիրիայի Վուքուֆ շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում ԻՊ զինյալներին հաջողվել է խոցել 2 թուրքական տանկ, ինչի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր, իսկ 4-ը՝ վիրավորվել:

Թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվական կայքը, հղում անելով ԶՈՒ վերոնշյալ հայտարարությանը, նշում է, որ «Եփրատի վահան» գործողության առաջին օրվանից մինչ օրս, թուրքական ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի 443 թիրախ՝ արձակելով 1924 կրակոց: Նշվում է, որ Սիրիայում իրականացվող օպերացիայի շրջանակներում ԻՊ-ի դեմ մարտերում Թուրքիայի աջակցությամբ «Սիրիայի ազատ բանակ» (սիրիական ընդդիմադիր ուժեր) առաջխաղացումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքը ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերը լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչների դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջերաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ շարժվում է դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more