Այսօր՝ օգոստոսի 22-ին «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ։ «Որպես հնարավոր թեկնածուի՝ բոլոր հուզող հարցերը ուղղել ենք պարոն Շաթիրյանին։ Ինչ վերաբերում է պաշտոնապես ներկայացնելուն, ապա դեռևս առիթ կունենանք լսելու նրան ԱԺ-ում, այնուհետև փակ, գաղտնի քվեարկությամբ մեր որոշումը կհայտնենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Տարբեր քննարկումներ ենք ունեցել, այդ թվում ԿԿՀ-ի հանձնաժողովի անդամից հրաժարվելու հետ կապված իր որոշմանն ենք անդրադարձել։ Տպավորությունների մասին չեմ կարող ասել»,- հավելել է նա։
Հարցին, թե ինչքանո՞վ է վստահ խմբակցությունը, որ Շաթիրյանն ինչ-որ փուլում չի որոշի թողնել պաշտոնը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասել է․ «Ես կարծում եմ, որ եթե պարոն Շաթիրյանը կառավարության կողմից առաջադրվի, ապա առիթ կունենա այդ մասին հրապարակային հնչեցնելու։ Իր փոխարեն ես պատասխանատվություն չեմ վերցնի դրան արձագանքելու»։