«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ մշակույթի նախարարությանը, որ այս տեսահոլովակի հետ որևէ կապ չի ունեցել»,- օրերս իր համերգ-ներկայացման ժամանակ ասաց երգիչ-դերասան Հայկ Պետրոսյանը` ներկայացնելով իր նոր` «Պոմիդորով ձվածեղ» տեսահոլովակը: Կատակ տեսահոլովակում հնարավոր է «հանդիպել» Անջելինա Ջոլիին, Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին, ոստիկան աղջիկների, նրանց սթափեցնող Վլադիմիր Գասպարյանին և ալյոց: Ի դեպ, հանդիսատեսին «Պոմիդորով ձվածեղ»-ը ներկայացնելուց հետո Հայկ Պետրոսյանը բեմից կարդաց, իբրև թե, իրեն ուղղված երևակայական նամակները, որոնց մեջ կարելի էր հանդիպել կրկին ոստիկանապետի նամակին, ում կարծիքով ամեն ինչ լավ էր` բացի բերետավոր աղջիկներից, ինչպես նաև Գոռ Վարդանյանի նամակը, ով սպառնում էր Հայկին իր` արդեն թևավոր դարձած «Յաիսնիցա, տոլկո ս պամիդորամ» արտահայտությանն անդրադառնալու համար:
«Պոմիդորով ձվածեղ»-ը ներկայացնելուց բացի, Հայկ Պետրոսյանը համերգ-ներկայացման ժամանակ կատարեց հայտնի երգեր, ինչպես նաև երաժշտական դադարների ընթացքում խոսեց սիրո, կանանց տեսակների, իր կյանքի և իրեն հուզող այլ թեմաների մասին: Երգիչ-դերասանն իր խոսքը համեմեց իր կյանքից տարբեր ծիծաղաշարժ պատմություններ ներկայացնելով, որոնք բավական բուռն արձագանքի արժանացան հանդիսատեսի կողմից: Երեկոյի ընթացքում Հայկը նաև կատարեց իր հոր` Վարդան Պետրոսյանի, «Հայ կանայք» երգը, որի երաժշտության հեղինակը Շառլ Ազնավուրն է: Հատկանշականն այն է, որ հենց համերգի սկզբում Հայկն ասաց, որ բոլորն էլ սեր են փնտրում, և բոլորն էլ սիրո կարիք ունի, իսկ երեկոյի ընթացքում պոմիդորով ձվածեղին հաճախ անդրադառնալը և դրա մասին տեսահոլովակ ներկայացնելն էլ բացատրեց այն հանգամանքով, որ այդ ուտեստը շատ է սիրում: Երգիչը կատակով նշեց նաև, որ իր տեսահոլովակի համեստությունը պայմանավորված է այն բանով, որ ավելի շքեղ տեսահոլովակ նկարահանելու համար ինքը պարզապես գումար չուներ: Հավելենք, որ «Պոմիդորով ձվածեղ»-ի հեղինակը հենց Հայկ Պետրոսյանն է, որպես ռեժիսոր հանդես է եկել Մարիամ Գևորգյանը, իսկ պրոդյուսերն Ալեքսանդր Մհերյանն է:
Նշենք նաև, որ համերգ-ներկայացումը երգիչ-դերասանը եզրափակեց «Մեր բակը» ֆիլմից հայտնի դարձած «Մանթո՞ ես, ապե-ապե» երգով:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կարդացեք նաև` Վարդան Պետրոսյանի տղան կարո՞ղ է սուրբ է. Հայկ Պետրոսյան