Ինչպե՞ս է Փաշինյանը Դոնալդ Թրամփին հիշեցնում, որ ինքը ՀՀ վարչապետն է
Փաշինյանը Թրամփին հիշեցրել է, թե ով է ինքը
«Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, հիշեցի՞ք, շնորհակալություն Ձեզ, Աստված պահապան Ձեզ»,– Շարմ էլ Շեյխում Թրամփին ելույթից հետո ասել է Փաշինյանը։
***
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հոպար, ես Հայաստանի վարչապետն եմ․․․
Ուրեմն Նիկոլը օգոստոսի 8-ից հետո հայ ազգի գլուխն էր արդուկում, թե գնացել Թրամփի քավորությամբ խաղաղություն է բերել, Թրամփը միլիարդավոր դոլարների ներդրում է բերելու լցնի Հայաստան, դրան գումարած էլ Նիկոլը Թրամփի Վոթսափի համարն ունի: Այսինքն տպավորություն է ստեղծում, թե հարց լուծող է դառել, աշխարհի մեծերի հետ տուրուառի մեջ է:
Բայց հոկտեմբերի 13-ին գնում է Եգիպտոս, գլուխը կախ կանգնում է Թրամփի առաջ ու ներկայանում` «I’m prime minister of Armenia…», ժողովրդական հայերենով թարգմանած՝ ասում է․ «Հոպար, ես Հայաստանի վարչապետն եմ, տեղը բերի՞ր»։ Այսինքն ջոկել է, որ ինքը Թրամփի համար «էն տղեն է», որի ղեկավարած երկիրը մեկ Ալբանիայի հետ է խառնում, մեկ՝ Կամբոջայի։ Թրամփն արդեն վաղուց մոռացել է, թե «էն տղու» հետ ինչ է ստորագրել, ու ընդհանրապես «էն տղուն» սկի տեղը չի բերում։ Բայց Նիկոլն ու իր խմբակը շարունակում են հայ ժողովրդին համոզել, թե Թրամփը Հայաստանին խաղաղություն ու միլիարդներ է նվիրել։
Ցավն այն է, որ Նիկոլի պատմած հեքիաթներին հավատացողներ կան»:
***
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շարմ Էլ Շեյխում, մոտենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է նրան, որ ինքը Հայաստանի վարչապետն է, այն դեպքում, երբ ընդամենը երկու ամիս առաջ Սպիտակ տանը նրանք միասն մի ամբողջ օր միջոցառումների, բանակցությունների և պայմանագրերի ստորագրման գործընթացի մեջ են եղել։
Հիմա պատկերացրեք նույնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, կամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն պարագայում․ ենթադրենք Նիկոլ Փաշինյանը մոտենա Վլադիմիր Պուտինին կամ Էմանուել Մակրոնին ու ասի, որ ինքը Հայաստանի վարչապետն է։
Սա շատ բանի մասին է վկայում։
Հ․Գ․ Այս նկարում Նիկոլ Փաշինյանի դեմքի արտահայտությունն էլ այլ բանի մասին է վկայում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet