▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս և ո՞վ է Ստամբուլում դիմավորել Նիկոլ Փաշինյանին

Ինչպե՞ս  և ո՞վ է Ստամբուլում դիմավորել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։
Ստամբուլի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։
Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իսկ երեկոյան կկայանա նրա և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նիկոլ Փաշինյանը կարճ տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Աշխատանքային այցով ժամանեցի Ստամբուլ»։

***

Քաղաքագետ Հակ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Նիկոլ Փաշինյանի` հայրենիք այցելության առաջին կադրերը խիստ տպավորիչ են և բազմանշանակ:
Նախ` Թուրքիայի ամենանոր վիլայեթի կառավարչին ոչ մի պաշտոնյա չի դիմավորում, չի ուղեկցում: Մենակ է:
Դա աննապադեպ է դիվանագիտական պատմության մեջ: Նախադեպեր չկան: Առաջին անգամն է և այդ առաջին անգամը հայոց Նիկոլի պարագայում է տեղի ունենում:
Միաժամանակ չկա կարմիր գորգ: Ընդհանրապես որևէ գորգ չկա: Ու դա այս պարագայում հստակորեն հատուկ է արվել: Մերկ բետոնե հատակ: Ոչ մի պատվի կամ հարգանքի նշույլ անգամ ժամանողի հանդեպ:
Կարող են հակադարձել թե պատվո պահակախումբ է դիմավորում:
Առաջին տպավորությունն, այո, այդպիսին է: Իսկ իրականում շարք է կանգնած թուրքական բանակի ասքյարը: Եվ ժամանող պետության ղեկավարը պետք է պատվի առնի նրանց: Ու հայոց արժանի առաջնորդը և հայոց դեմքը անշուշտ գլուխ է խոնարհում ու ողջունում թուրք ասքյարներին:
Եվ այս զինախմբի առկայությունը թռիչքուղու վրա հենց միայն այդ խիստ խորհրդանշական հանգամանքի համար է արված:
ՔՊ-ն կամ վիլայեթակառավարությունը շուտով նոր լուսանկարներ կհրապարակեն վստահաբար:
Կարելի է չկասկածել, որ դրանցում նոր խորհուրդներ կլինեն անթեղված:
Այսօր քո երազանքների իրականացման հերթական կարևոր օրերից է իմ պատվախնդիր, արժանապատիվ, վսեմ և բարձր հայ ժողովուրդ:
Հ.Գ. Ուշադրություն դարձրեք հայոց առաջնորդի երջանիկ և ուրախ ու նաև հաճոյանալու արտահայտություն կրող դեմքին, երբ իր համար գծված, իրեն հրահանգված նշում-օղակի մեջ կանգնած` ողջունում է թուրք ասքյարներին»:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը. Էրդողանի հետ հանդիպման օրակարգում «միջանցքի» հարցն է
Նիկոլ Փաշինյանն Էրդողանի ու Ալիևի հետ ինտենսիվորեն բանակցում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով: Թուրքիա մեկնելու նպատակը «միջանցքի» հարցն ավարտին հասցնելն է: Նա պատրաստ է հանձնել այն՝ դիմացն ակնկալելով իր իշխանավարման 3-րդ ժամկետին աջակցություն: Այդ աջակցությունը Նիկոլը պատկերացնում է, այսպես կոչված, խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ, որպեսզի կարողանա հայ ժողովրդին խաբել, թե, իբր, խաղաղություն է բերել:
Ալիևը թղթի դիմաց պահանջում է գործողություններ: Սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում՝ «փախստականների վերադարձ» ծրագրի շրջանակներում: Նիկոլը համաձայն է դրանց, բայց խնդրում է ժամանակ: Ասում է՝ վերարտադրվեմ, գնամ 3-րդ ժամկետի, հետո ամեն ինչ կանեմ: Նրան Ալիևն ու Էրդողանը չեն հավատում, կամ էլ՝ չեն հավատում, որ կարողանալու է խոստացածները անել:
Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի դեմ լկտի, հանցավոր արշավների կազմակերպումով Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ու Ադրբեջանին ցույց է տալիս, որ հավատարիմ է իր խոստումներին և պատրաստ է Հայաստանի լուծարման ծրագրի իրագործմանը` վա բանկ գնալով: Այսինքն՝ Կաթողիկոսի և հայտնի գործարարի դեմ հարձակումները ոչ միայն ու ոչ այնքան Եկեղեցու և բիզնեսի դեմ են, որքան ՀՀ-ի: Փաշինյանի թուրքականությունն է դրսևորվում այդ քայլով:
Ինչ վերաբերում է նրա բոլշևիզմին, ապա այն արտահայտվեց ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու և այդ հանցագործության անունը ազգայնացում դնելու հարցում:
Ժամանակին բոլշևիկներն էլ էին կուլակաթափություն և էքսպոպրիատորների էքսպոպրիացիա իրականացնում՝ դեմագոգիկ ձևով խոստանալով խլածը բաժանել ժողովրդին, խոստանալով գործարանը տալ բանվորներին, իսկ հողը՝ գյուղացուն: Սակայն բերեցին սով և ավերածություններ:
Հիմա նույն բանն անում է Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական սոուսով:
Ինչպես որ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով բոլշևիկները հանձնեցին ռուսական շահերը հանուն իրենց իշխանության, այնպես էլ թրքաբոլշևիկ Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած բացահայտորեն ու դավաճանաբար հանձնում է հայկական շահերը` անամոթաբար հայտարարելով, թե 2022֊ի հոկտեմբերի 6֊ին ոչ թե Արցախն է հանձնել, այլ Հայաստանն է անկախացրել։
Նիկոլը «հակաօլիգարխիկ» պայքարի լոզունգի տակ էլ սեփականության վերաձևում է իրականացնում, խլոցի կազմակերպում՝ դառնալով Հայաստանի թիվ մեկ թալանչին:
Հայաստանում թրքաբոլշևիզմն արմատախիլ անելն է, որ հնարավորություն կտա չվերանալ աշխարհի քաղաքական քարտեզից»։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե դիտարկենք ընդհանուր տրամաբանությունը, ապա Նիկոլի՝ Թուրքիա այցը պարզապես դիվանագիտական քայլ չէ։ Դա մի ամբողջ գործընթացի կուլմինացիան է, որի հիմնական նպատակը Հայաստանի պետականության վերջնական կազմաքանդումն է՝ որպես սուբյեկտ և որպես պատմական ու ինքնիշխան միավոր։
Սա մի ակտ է, որի միջոցով Հայաստանը վերջնականապես «պառկեցվում» է թուրքական ազդեցության տակ՝ քաղաքական, տնտեսական, գաղափարական բոլոր ուղղություններով։ Ստամբուլում սպասվող պայմանավորվածությունները, եթե դրանք կայանան, գործնականում Հայաստանը տարածաշրջանային մեծ խաղացողների ձեռքում կդարձնեն ամորֆ ու անողնաշար մի մարմին՝ ձևական ֆիկտիվ աշխարհագրական տարածք։
Այս ամենի ֆոնին Նիկոլի՝ «ինքնիշխանության» մասին խոսքն իրականում ոչ թե ինքնիշխանություն է, այլ՝ ծխածակույթ։ Նրա պատկերացրած «նոր Հայաստանի» ինքնիշխանությունը, ըստ էության, թուրքական օրակարգին ենթարկվելու գործընթացի քաղաքական փաթեթավորումն է։
Ստամբուլի այցը այդ գործընթացի խորհրդանշական և գործնական ստարտն է, որով Հայաստանը դադարելու է հանդես գալ որպես առանձին քաղաքական սուբյեկտ, իսկ դրա «ղեկավարը»՝ գիտակցված կամ ոչ, ստանձնում է այդ պատմական ապամոնտաժման պատասխանատվությունը, քանի որ թյուրքական նարատիվի դրոշակակիրն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more