Արևմտյան լրատվական գործակալությունների այսօրվա հաղորդագրությունը, թե Եվրամիությունը պատրաստվում է կասեցնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ 12 տարի առաջ ընդունած պատժամիջոցները, իսկական խառնաշփոթ է առաջացրել ոչ թե Բելառուսում, Ռուսաստանում կամ Ղազախստանում, ինչը բնական կլիներ, այլ… Ադրբեջանում: Գրչի և համակարգչի վարպետները բացահայտ խանդի տեսարան են սարքել՝ Եվրամիության պարագլուխներին ուղղելով բազմաթիվ հարցեր, որոնցից ամենադրամատիկականն է «Ինչո՞վ է Լուկաշենկոն Ալիևից լավ» հարցը:
Յուսիֆ Ալիև անուն- ազգանունով հոդվածագիրը թվարկում է Լուկաշենկոյի ունեցած և չունեցած մեղքերը և ապացուցում, որ Բելառուսում ժողովրդավարության ոտնահարման ասպարեզում ոչ մի դրական բան չի արձանագրվել:
Մուգ գույներով ներկելով Բատկայի վերջին տարիների՝ եվրոպական արժեքների տեսակետից անփառունակ գործունեությունը, հոդվածագիրը լուտանքներ է թափում Արևմուտքի գլխին, հետո անցնում Ադրբեջանի լուսապայծառ իրականության նկարագրությանը. անցած շաբաթ Եվրամիության պարսավանքին արժանացած երկրում այդ ի´նչ է կատարվում, որ համեմատելի լինի Բելառուսի իրականության հետ: «Բաքվում ընդդիմադիրներին սպանո՞ւմ են, կամ գուցե Իլհամ Ալիևի գլխավոր հակառակորդներն իրենց բանտային զգեստնե՞րն են չափուձև անում:
Մի՞թե Հադիջի Իսմայլովայի դին է հայտնաբերվել իր տան մոտ կամ Յունուսն է օրը ցերեկով անհետացել, թե՞ ընտրություններն են անցնում առանց այլընտրանքի»,- հուսահատ սարկազմով հարցնում է Յուսիֆ Ալիևը՝ ակնարկելով, որ թվարկված բոլոր երևույթները բնորոշ են Բելառուսին և իր նախագահին: «Մի՞թե այդ նույն Ղազախստանի և առավել ևս Հայաստանի վիճակն ավելի լավ է, քան Ադրբեջանի»,- չի հանդարտվում հեղինակը: Հետո նա ընթերցողի աչքի առաջ կերտում է Իլհամ Ալիևի «հերոսական» կերպարը, նրա ըմբոստությունն ու ինքնիշխանությունը, հատկանիշներ, որոնք, իբր, Եվրամիության վերնախավին դուր չեն գալիս:
Եզրակացությունը մեկն է՝ եվրոպական արժեքները ոչ մի կապ չունեն, այդ ամենը ընդամենը խաղ է, Լուկաշենկոյին Կրեմլից պոկելու հերթական փորձը: Հանգելով այս եզրակացությանը, կրակ կտրած Յուսիֆն հանգստանում է և հանգիստ թողնում իր կայքի օգտատերերին, ովքեր կլլում են ալիևյան քարոզչության հերթական դեղահաբը և ընդարմանում…