Մայիսի 16-ին Մուսալեռում տեղի կունենա «Ուդուլի» տոլմայի 5-րդ ավանդական փառատոնը:
«Սա նաև մրցույթ-տոն է, քանի որ մասնակիցները մրցելու են լավագույն համ, լավագույն մտահղացում և լավագույն ձևավորում անվանակարգերում: Լինելու է նաև երկար տոլմայի մրցույթը: Ժյուրիի անդամների անունները դեռևս չենք բացահայտի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Սարդարապատի «Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի» տնօրենի տեղակալ Սվետլանա Պողոսյանի խոսքով էլ՝ հետամուտ են լինելու, որպեսզի մշակութային ժառանգությունը վերադարձվի մշակույթը կրողին:
Ինչ վերաբերչում է Թուրքիայի կողմից մեծ գումարներ ծախսելուն և տոլման որպես իրենց ազգային ուտեստ ներկայացնելու փորձերին՝ Սեդրակ Մամուլյանը նկատեց.
«Օրինակ, ինչո՞ւ թուրքը չի պնդում, որ բաստուրման իրենցն է: Պարզ պատճառով.բաստուրման քոչվորներին բնորոշ կերակուր է: Տոլման իրենցով են փորձում անել ու հիմնավորել այս տարածաշրջանում լինելը: Մենք բանահավաքությամբ ենք զբաղվում և՛ Հայաստանում և՛ դրա սահմաններից դուրս: Տոլման «տոլի» բառից է առաջացել, որն էլ խաղողի տերևն է: Եվ, վերջապես, Դալմայի այգիները ինչե՞ր էին..խաղողի այգիներ…Ավելին, թուրքերենով մա վերջածանցը ժխտողական է..այսինքն՝ որ ասում են դոլմա, նշանակում է լցոնված չէ»:
Շարունակելով վերջինիս խոսքը՝ Սվետլանա Պողոսյանը նշեց, որ տոլմա ասելով մենք հասկանում ենք մսով փաթաթված, լցոնված:
Բանախոսները կարևորեցին նաև ուտեստների՝ հայկական անուններով ներկայացնելը, քանի որ շատ հայկական ուտեստների անուններ արաբերենով ու թուրքերենով է: Ասենք ռուսին, ամերիկացուն հասկացնելու համար ինչ-որ օրինակներ են բերել ու անունը փոխվել է զուր տեղը:
«Հիմա էլ դրա ձեռքը կրակն ենք ընկել»,-ասաց Ս.Մամուլյանը:
«Օրինակ ասում ենք ժենգյալով հաց կամ ղափամա: Ղափաման թուրքերեն բառ է, հայերեն խորովուր է. ժենգյալը՝ կանաչիով հաց»,-եզրափակեց Սվետլանա Պողոսյանը:
Տեղեկացնենք, որ այս տարի երկրորդ անգամ հոլիսի առաջին շաբաթվա ընթացքում Գորիսում կանցկացվի Սյունյաց ավանդույթներ փառատոնը, հունիսի վերջին շաբաթ օրը Արցախում՝ Ամարաս բերդի մոտ տեղի կունենա թթի փառատոնը, գինու փառատոնը Արենիում կլինի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը:
Անի Կարապետյան