|
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեխաների սեռական շահագործման դեպքերն ինձ վրա ամենածանր ազդեցությունն են ունենում։
Վեդու դեպքն ինձ տարավ տարիներ հետ, 2010 թվականի աղմկահարույց պատմությունը՝ երբ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի ուսուցիչը տարիներ շարունակ անչափահաս երեխաների նկատմամբ իրականացվում էր սեռական բռնություններ և անառակաբարո գործողություններ։
Այն ժամանակ ևս քննիչները շեշտում էին, որ երեխաներից մեկը մտավոր զարգացման խնդիրներ ունի, ցուցմունքները հակասական են, մյուսները հրաժարվում են խոսել։ Ավելի ուշ պարզվեց՝ երեխաները պարզապես վախեցված էին։
2011 թվականին Վարչապետի խորհրդական, «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր, Աղթալայում հայտնի բարերար Սերոբ Տեր-Պողոսյանի դեպքը, երբ անչափահաս, խոցելի ընտանիքների երեխաներին սեռական շահագործման էր ենթարկում։
Հիշում եմ այդ խոցելի ընտանիքներին, հայրերը չկային, մայրերն էին որպես վկա դատարան կանչվել։ Նրանք չէին հավատում, որ իրենց երեխաներին պղծել է մեկը, որին իրենք նայել են որպես օգնող ձեռք։ Ընտանիքի հայրերից շատերն արտագնա աշխատանքի էին մեկնել երկրից, ֆիզիկապես չկային, ընտանիքի կողքին չէին։
Մայրերից մեկն ասում էր․
«Սերոբ Տեր-Պողոսյանն ուղղակի գումարով օգնել է չքավոր երեխաներին, ձեռք է մեկնել սոցիալապես անապահով մարդկանց: Երբ մարդիկ հացի փշրանք էին ման գալիս, նա խղճի խայթով օգնել է՝ գումար տվել ու ասել՝ տա՛ր տուն, թող մայրդ մի պարկ ալյուր առնի, որ սոված չմնաք․․․»։
Ինչո՞ւ պետք է պետությունը կանգնած չլինի այս ընտանիքների կողքին, այլ ինչ-որ կասկածելի մարդկանց բարերարի անվան տակ հովանավորի, նրանք էլ, իրենց հերթին օգտվեն երեխաների խոցելիությունից։ Մյուս կողմից էլ վկայակոչելով երեխաների խնդիրները չկատարի պատշաճ քննություն։
Այսօր մենք նույն կետում ենք, տարիներ անց, երբ բազմաթիվ ակտիվիստների և ՀԿ-ների ջանքերով բարելավվեց օրենսդրությունը, վավերացվեցին կոնվենցիաներ, այժմ պետությունն անընդհատ երեխայի լավագույն շահի մասին է խոսում, բայց արդյունքում փետրվարից-մայիս ունենք գործ, որի քննությունը տեղից շարժվեց միայն հանրային աղմուկից հետո՝ ուշացած»։
***
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։ Այս մասին «1Լուրեր»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել ենք՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ էր ձերբակալվել։
Քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):
|