Ինչու՞ են Գագիկ Ծառուկյանի երկու որդիների՝ Նվերի և Հովհաննեսի անունները ամենահաճախ հայտնվողներն են դարձել լրահոսում։
Ավելի քան 6 ամիս իրավապահներին չի հաջողվում Հայաստան վերադարձնել Նվեր Ծառուկյանին, հենց այս ընթացքում էլ ակտիվացել են Հովհաննես Ծառուկյանի մասին հրապարակումները, որոնք ավելի վաղ գրեթե չէին աչքի ընկնում։
Հիշեցնենք, որ խուլիգանության և կողոպուտի մեջ մեղադրվող Նվեր Ծառուկյանի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր նրա գտնվելու վայրն ու նշել, որ նա գործուղղվել է Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս:
Ըստ տարածված տեղեկությունների, անցած հոկտեմբերին Ծաղկաձորի խաղատներից մեկում ծեծկռտուքով ու կրակոցներով ուղեկցվող վիճաբանություն էր տեղի ունեցել խաղատան աշխատակիցների ու Նվեր Ծառուկյանի թիկնապահների միջև: Միջադեպից հետո Գագիկ Ծառուկյանի որդին ու թիկնապահները հեռացել էին տարածքից՝ իրենց հետ տանելով խաղատան տեսախցիկների DVR սարքերը, դրանք օգտագործվում են տեսաձայնագրությունները պահպանելու, կառավարելու և դիտելու համար:
«Ազատություն» ռադիոկայանն այս թեմայով իր անդրադարձերից մեկում նշել էր, որ Քննչական կոմիտեից չեն արձագանքում, թե ի՞նչ խոչընդոտ կա, ինչո՞ւ իրավապահները չեն կարողանում վերադարձնել Նվեր Ծառուկյանին, արդյոք պաշտոնապես դիմե՞լ են Բելառուսին կամ Ռուսաստանին նրա արտահանձնման համար: «Ազատություն»-ը նաև գրել էր, որ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն, օրինակ, չի բացառում՝ գուցե Ծառուկյանի կապերն են նպաստել, որ որդին այդպես էլ Հայաստան չի վերադարձվում։
Իսկ հայաստանյան որոշ լրատվամիջոցների վերնագրեր գրեթե ամեն շաբաթ վերադառնում են Հովհաննես Ծառուկյանին, որ արդեն Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության պատվավոր անդամ է։ Լրատվամիջոցները լուսաբանում են նրա այցելությունները Եռաբլուր, Եկեղեցի, Հայրենական պատերազմի վետերաններին , իսկ ֆեյսբուքյան խմբերում Հովհաննես Ծառուկյանի մասնակցությամբ տեսանյութեր են տարածում ու օգտատերերին հարցնում՝ Սիրու՞մ եք․․․
Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության․․․