▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու էին «Սասնա ծռերն» ու «Հայոց վահանը» հայտնվել նույն խցում. ուշագրավ մանրամասներ

Armlur.am-ը գրում է.

Երեկ լրացավ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը, եւ ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն ներկայացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Վահան Շիրխանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու համար, արդյունքում դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մինչ ԱԱԾ-ն 8 ամիս կալանքի տակ է պահում նախկին փոխնախարարին, վերջինիս պաշտպանները ԱԱԾ-ի կողմից թույլ տված մի շարք իրավախախտումների մասով արձանագրություն են կազմել, որը մինչ օգոստոսի վերջ կուղարկեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

 Բողոքում են

 Ինչպես գիտենք՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծեց «զինված հանցավոր խմբավորում»: Ըստ ԱԱԾ-ի` խմբավորման անդամների նպատակը եղել է Հայաստանի տարածքում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնելը: Իրավապահների ներկայացմամբ՝ հանցախումբը ղեկավարվել է «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից: Ինչեւէ: Արդեն տեւական ժամանակ է, ինչ մի խումբ փաստաբաններ բարձրաձայնում են, որ արդեն 4 ամիս է՝ այս քրեական գործով քննչական գործողություններ չեն իրականացվում, փոխարենը ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան եւ երկարաձգում է իրենց պաշտպանյալների կալանքի ժամկետը, իսկ իրենք բողոքարկում են այդ որոշումները, սակայն ապարդյուն, քանի որ սայլը տեղից չի շարժվում, եւ իրենց բողոքները մերժվում են:

«Սառնա ծռերն» ու «Հայոց Վահանը»

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ հուլիսի 10-ից 15-ը այս քրեական գործով նոր քննչական գործողություններ էին տեղի ունեցել, որոնց արդյունքում իրավապահները պետք է գործով անցնող մեղադրյալների վերաբերյալ որոշումներ կայացնեն, կամ նրանց խափանման միջոցը՝ կալանքը, պետք է փոխարինվեր ստորագրությամբ չհեռանալու մասին կամ որոշ անձանց մասով գործը պետք է ուղարկվեր դատարան, սակայն տեղի է ունենում անկանխատեսելին: Հուլիսի 17-ին՝ հայտնի իրադարձություններից հետո, ԱԱԾ քննիչները միջնորդություն են ներկայացնում դատարան, եւ այս գործով անցնող որոշ անձանց խափանման միջոցը՝ կալանքը, երկարաձգվում է եւս երկու ամսով: Ինչպես նկատում ենք՝ ազգային անվտանգության ծառայությունը պատահական չի գնացել այդ քայլին. խորը հաշվարկներից եւ, ըստ էության, նախաքննության շահերից ելնելով է հանցավոր խմբավորման անդամների կալանքը երկարաձգել: Բանն այն է, որ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ազգային անվտանգության ծառայությունը այս օրերին «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից շատերին տեղափոխել է Երեւան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, եւ դեռ ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին պահում է այնպիսի խցերում, որտեղ արդեն ամիսներ շարունակ կալանքի տակ են գտնվում «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված «հանցավոր» խմբի անդամները: Ամենյան հավանականությամբ, ԱԱԾ-ն այս երկու խմբավորման անդամներին նույն խցում պահելով՝ կոնկրետ նպատակ ունի. որպեսզի լսի երկու խմբավորման անդամների խոսակցությունները՝ հասկանալու համար, թե արդյո՞ք նրանք ինչ-որ կերպ կապ են ունեցել միմյանց հետ եւ, առհասարակ, ինչ են խոսում իրար հետ, որը կարող է քննիչների համար նոր բացահայտման հիմք դառնալ: Ու մինչ նախաքննություն իրականացնող մարմինը փորձում է նոր բացահայտումներ անել նոյեմբերի 25-ի «հանցավոր խմբավորման» գործով, կալանավորվածների հարազատները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more