«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Սոֆյա Հովսեփյանը, Մաքսիմ Սարգսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին թիկունքից առաջնագիծ ուղղված օգնության մասին.
«Առաջին անգամ Արցախ գնացինք ապրիլի 5-ին և այն, ինչ տարել էինք մեզ հետ, անմիջապես զինվորին հասցրեցինք: Այսօր արդեն սնունդ չենք տանում, այլ առաջին անհրաժեշտության իրեր.բահեր, անձրևանոցներ, ներքնազգեստ և այլն: Հավաքագրում իրականացվում է Մաշտոցի պուրակում՝ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Մաքսիմ Սարգսյանն էլ նկատեց.
«Լավ կլինի, որ այն, ինչ ուղարկում եք՝ անձամբ հասցնեք զինվորին: Բոլորս էլ գիտենք, թե արագ արձագանքման շտաբում ովքեր են նստած: Օրինակ` ես փորձելու եմ պարզել, թե ինչո՞ւ է Լիսկան շտաբի պետ, եթե Արցախում թրծված մարդիկ կան, ովքեր պատերազմի թեժ կետերում են եղել, և շտաբն ավելի արդյունավետ կկառավարեին, քան Լիսկան, ով անգամ Սյունիքի մարզը չի կարողանում արդյունավետ կառավարել: Մենք Արցախ մեկնելիս տեսանք, թե ինչ վիճակում էին Սյունիքի ճանապարհները»:
Անի Կարապետյան