▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է հաշմանդամություն ունեցող երեխային ծնողը հրաժարվել տանել դպրոց. պարզաբանում է տնօրենը

Բացառվում է, որ որևէ երեխայի դպրոց չընդունենք: Մեր դպրոցի դռները բաց են բոլոր՝ այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների առջև: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց թիվ 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը՝ անդրադառնալով համացանցում բուռն քննարկում առաջացրած միջադեպին, ըստ որի՝ ինքը հրաժարվել է դպրոց ընդունել  մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի:

Մեր հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ հրաժարվել եք ընդունել երեխային դպրոց՝ պատճառաբանելով, որ չնայած դպրոցը ներառական է, սակայն նման երեխաների հետ աշխատող մասնագետներ չունեք, Լիլիթ Անտոնյանը կտրականապես հերքեց:

«Մեր դպրոցը 6-7 տարի է իրականացնում ներառական ծրագիր և մենք ունենք անհրաժեշտ բոլոր պայմանները և  բազմապրոֆիլ մասնագետներ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ապահովելու համար: Ծնողի կողմից հարցադրում է եղել, թե արդյոք 1-ին դասարանում ունենք նմանատիպ խնդրով երեխա, մենք պատասխանել ենք, որ ոչ: Հավանաբար, ծնողի կողմից մեր պատասխանի թյուրըմբռնում է եղել»,-ասաց նա:

Տնօրենը նաև հրաժարվեց այն խոսակցություններից, թե երեխային հորդորել է տանել հատուկ դպրոց: «Ծնողն ինքն է ասել, որ երեխան նախկինում հաճախել է հատուկ դպրոց, սակայն մանկավարժների կրթության մակարդակը ծնողին չի բավարարել, ինչպես նաև այնտեղ հաճախող երեխաների վիճակը շատ ավելի ծանր է եղել, քան իր երեխայինը: Հատուկ դպրոցի վերաբերյալ մեր խոսակցությունը այսքանն է եղել, իմ կողմից որևէ առաջարկ չի արվել»,-եզրափակեց տնօրենը:

Հ.Գ.

Զրույցից հետո այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ է ծնողը հրաժարվել իր երեխային տանել 125 դպրոց ու ինչո՞ւ է որոշել նման աղմուկ բարձրացնել: Տպավորություն ստեղծվեց, որ 125 դպրոցում սկսած տնօրենից՝  ողջ աշխատակազմը «բարի-փերիներ» են և, որ նրանք իրենց աշխատանքը կատարյալ են կատարել, իսկ ծնողը, ինչ-ինչ պատճառներով ցեխ է շպրտում տնօրենի վրա: Այնինչ, որքան էլ փորձենք զերծ մնալ ենթադրություններից, միևնույն է, ակնհայտորեն զգացվում է, որ տնօրենի «հրեշտակային» կերպարն այլ բանի մասին է վկայում:

Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more