▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձանից գուցե շատ բան չեմ ներկայացնում, բայց պատրաստ եմ գնալ-խոսել տղաների հետ.Գուսան Հայկազուն

«Ես որպես ազգի ցավով ապրող մարդ չեմ  կարող տանը նստել ու կոչ անել: Որտեղ ժողովուրդն է, այնտեղ էլ ես: Այս օրերին միշտ ժողովրդի հետ եմ եղել և տեսել եմ, թե ինչ է կատարվում: Ճիշտ է այն հարցը, թե որտե՞ղ են մտավորականները: Նրանք, ովքեր կարծում են, որ ժողովրդի հագանքն ու սերն են գոնե մի փոքր վայելում, թող գան պատնեշ կազմենք: Երեկ ոստիկանները քարեր էին նետում ժողովրդի ուղղությամբ, նրանք էլ պատասխանում էին: Ո՞ւր են մեր պատգամավորները, ԱԺ-ում բարձրախոսի համար կռիվ էին անում, թող գան խոսեն ժողովրդի հետ: Պետք է խնդրենք, որ դադարեցվի այս վիճակը, արյուն չթափվի: Ես ինձանից գուցե շատ բան չեմ ներկայացնում, բայց պատրաստ եմ գնալ-խոսել տղաների հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գուսան Հայկազունը:

Գուսանի համոզմամբ՝ պետք է մտածել այս քայլին  հանգեցրած  պատճառների  վերացման մասին. սոցիալական խնդիրներ, անօրինականություն, արտագաղթ, կաշառակերություն:

«Բայց, ամենակարևորը, հողերի հանձման մասին խոսակցություններն էին: Այդ մեկը ժողովուրդը չի ների: Ազգը դա թույլ չի տա, թող դա հանեն իրենց բառապաշարից: Հակառակը, պետք է թշնամու ճակատը ջարդենք: Ես դեմ եմ բռնությանը, բայց երեկ նայում եմ քար նետող տղաներին, նրանք բոլորը արծիվներ են, առյուծ տղերք: Նրանք տանկերի դեմ դուրս կգան, ինչո՞ւ եք փչացնում, բանտ տանում, ափսոս են»,-նշեց  Գուսան Հայկազունը:

Հիշեցնենք, որ արդեն 5-րդ  օրն  է՝ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more