▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ ռիսկերի կարող է բախվել Հայաստանի էներգետիկ համակարգը»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին ինձ շատ են հարցնում՝ ի՞նչ ռիսկերի կարող է բախվել Հայաստանի էներգետիկ համակարգը՝ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների պայմաններում:
Եթե համառոտ, ապա՝
1. հաշվի առնելով Իրանի նավթագազային համալիրին հասցվող վնասը՝ մեծ է հավանականությունը, որ վերջինս էապես կկարճատի կամ ժամանակավորապես կդադարեցնի գազի արտահանումը, այդ թվում՝ Իրան-Հայաստան գազամուղով: Դա, իր հերթին, չի նշանակում որ Հայաստանը կարող է հայտնվել գազի պակասորդի պայմաններում, քանի որ նշված երթուղով մենք տարեկան ներկում ենք լավագույն դեպքում 300-350 մլն խմ գազ՝ տարեկան մոտ 2,3 մլրդ սպառման պայմաններում: Միաժամանակ, քանի որ իրանական գազի ներկրումը տեղի է ունենում «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերի շրջանակներում, կարող է էապես նվազել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը (տարեկան մինչև 1 մլրդ կՎտ.ժ),
2. հարցականի տակ է հայտնվում «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան), քանի որ խարխլված էներգետիկ համակարգի պայմաններում Իրանը ի վիճակի չի լինի ինտեգրվել միջազգային էլեկտրաէներգետիկ համակարգին՝ հավուր պատշաճի ապահովելով փոխադարձ հոսքեր: Եվ դա կարող է հիմք ծառայել Հայաստանի գործող իշխանությունների համար առաջ մղելու Արևելք-Արևմուտք էներգետիկ միջանցքը, ինչը փաստացի նշանակում է Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգին միացում, սցենար, որի հավանականությունը ստեղծված քաղաքական պայմաններում բավականին բարձր է (թեև համակարգերի սինխրոնիզացումը չափազանց բարդ խնդիր է),
3. գազի գնի կտրուկ աճը չի անդրադառնա Հայաստանի վրա, քանի որ Ռուսաստանից ներկրվող«կապույտ վառելիքի» համար սահմանված է շուկայականից ցածր՝ 165 դոլար երկարաժամկետ պայմանագրային գինը: Ներկայիս բարդ իրավիճակում (որն ավելի է բարդանալու առաջիկայում) դա շատ կարևոր «անվտանգության բարձիկ» է Հայաստանի համար, ինչը պրոիշխանական պրոպագանդիստները փորձելու են ժխտել մինչև վերջ,
4. նավթի գների աճն ուղիղ անդրադարձ չի ունենա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մենք չունենք նավթավերամշակում: Իսկ նավթամթերքի վերջնական գնի կառուցվածքում նավթի գնի կշիռը կազմում է մոտ 15%, մնացածը՝ ակցիզային հարկեր, ԱԱՀ, վերամշակման ծախսեր, լոգիստիկա և այլն: Իհարկե, որոշակի գնաճ կարող է լինել, սակայն ոչ կրիտիկական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more