▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ նկատողություն են անում ինչ-որ կիսագրագետ, «բիգուձիներով» տոլմա փաթաթող կնիկներ

Newsbook.am-ը գրում է.

Երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը տեղյակ չէ, որ Facebook-ի իր վերջին գրառումների և ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացվել ԱԺ էթիկայի հանձնաժողով: NewsBook-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Շուշան Պետրոսյանը` զարմանք հայտնելով, որ այդ կառույցն իր ու մի պարմանուհու երկխոսության պատճառով նման քայլի է դիմել:

Խոսքը, ինչպես հայտնի է, պատգամավորի կողմից Facebook-ի օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների մասին է:

«Ճիշտն ասած` ծիծաղս գալիս է: Այնքան աբսուրդ է այս ամենը, որովհետև եթե հիմա որևէ մեկը նման կարծիք հայտնի մեր երկրի և բանակի մասին, ինձնից նույն պատասխանը կստանա: Խոսքս վերաբերում է, իհարկե, իմ տղայի տարիքի երեխաներին: Իսկ այդ աղջիկը (Գայանե Շահինյանը` խմբ.) ընդամենը 3-4 տարի է մեծ իմ տղայից: Ես չգիտեի, որ մեծավարի իմ նկատողությունը, բարկությունը այսպես կընդունվի»,- ասաց նա: Դիտարկմանը` արդյո՞ք հարիր բառեր էին իր կողմից ընտրված` զայրույթն արտահայտելու, ՀՀԿ-ական պատգամավորը զարմացավ. «Ի՞նչ բառեր, «աչք հանե՞լը»: Իսկ Դուք տեսե՞լ եք, թե այդ բառերին ի պատասխան ինչ հայհոյանքների եմ արժանանում: Ինձ նկատողություն են անում ինչ-որ կիսագրագետ, կիսաուսյալ, «բիգուձիներով» տոլմա փաթաթող կնիկներ: Ինձ նկատողություն են անում «աչքերդ կհանեմ» արտահայտության համար, որը շատ նորմալ արտահայտություն է: Ինչ վերաբերում է «լակոտ» բառին, ապա ուզում եմ հարցնել` այդ բառը չի՞ օգտագործվում: Ամենաուսյալ, մտավորական հայերն էլ են այդ բառերն օգտագործում»,- տարակուսանք հայտնեց մեր զրուցակիցը` հավելելով, որ եթե որևէ մեկն առօրյայում զերծ է մնում այդ բառերից, հավանաբար, առաքյալ է:

Երբ նշեցինք, որ հասարակությունը հանրային դեմքերից առավել զուսպ բառապաշարի ակնկալիքներ է ունենում, Շուշան Պետրոսյանը պատասխանեց, որ ինքն էլ սովորական հայ մարդ է, և իր դիտարկումներում դեռ մի փոքր էլ ուշացել է:

«Պետք է ի սկզբանե ասվեր, որ ներքին խնդիրներ կան, բայց երկրին ու բանակին որակավորել ու քարկոծել չի կարելի` հատկապես սոցիալական ցանցերում, որոնց ուշադիր հետևում են հակառակորդները: Սա տարրական բան է» ,- ասաց խորհրդարանականը: Շուշան Պետրոսյանից նաև հետաքրքվեցինք` ինչպե՞ս է պատահում, որ ոչ կոռեկտ, տեղ-տեղ նույնիսկ հայհոյախառն արտահայտություններ թույլ տվող պատգամավորները ՀՀԿ-ում են հավաքված, ինչին ի պատասխան նա նկատեց. «Դուք ինձ ուզում եք նույնականացնել այլ պատգամավորների հետ: Պարզապես որպես թիրախ առավել հաճախ լուսաբանվում է ՀՀԿ-ն, և չի լուսաբանվում մյուս կողմը: Կամ լուսաբանվում են վաճառվող կայքերը, թերթերը, և լռում են նրանք, ովքեր լռում են»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more