Wnews.am-ը գրում է. Նպատակասլաց կին առաջնորդներն օրեցօր ավելանում են։ Լոս Անջելեսում բնակվող Ադրինե Բանդարյանը նրանցից մեկն է։ 33 տարեկանում նրան արդեն հաջողվել է դառնալ Լոս Անջելեսի Երիտասարդական Հանրություն և Հիմնադրամ (YSF) կազմակերպության ատենապետուհի։ Ադրինեն ներկայումս աշխատում է ԱՄՆ Գործատուների Փոխհատուցման Ապահովագրական Ընկերությունում (Employers Compensation Insurance Company)՝ կազմակերպության քաղաքականության և սոց.հայցերի վերահսկիչ և ստորաբաժանման ղեկավար:
Սփյուռքահայ երիտասարդ բարերար Ադրինե Բանդարյանը, ով 26 տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, Հայաստանում մի շարք ծրագրեր է իրականացնում։ Նա ապրիլյան հերոսամարտերում զոհված Ադամ Սահակյանի անվան դասարանի վերանորոգման ու անվանակոչման նախաձեռնողն է։
Այս օրերին Ադրինեն Երեւանում է. երեկ հայ երիտասարդների համար նա հանդես եկավ «Առաջնորդություն» թեմայով սեմինարով։
Կայքին տված հարցազրույցում Ադրինեն պատմել է հաջողության հասնելու իր բանաձեւի եւ առաջիկա ծրագրերի մասին։
-Ադրինե, կպատմե՞ք, թե ինչ ծրագրեր եք իրականացնում Հայաստանում։
-Վեց տարի շարունակ այցելում եմ Հայաստան եւ փորձում եմ իմ գործունեությամբ օգտակար լինել մեր երկրին։ Համագործակցում եմ «Պետական գործիչների երիտասարդական դպրոց» կազմակերպության հետ հիմնականում ուսումնական ծրագրերով։ Այս կազմակերպության հետ մենք սկսում ենք աշխատել ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում։ Ունենք շատ նախագծեր ապագայի համար։
-Վերջերս Ձեր նախաձեռնությամբ թիվ 114 դպրոցի դասարաններից մեկը վերանորոգվեց եւ անվանակոչվեց ապրիլյան հերոսամարտերում զոհված Ադամ Սահակյանի անվամբ։ Ինչպե՞ս ծագեց այդ գաղափարը։
-Այո, այդ որոշումը կայացրինք «Պետական գործիչների երիտասարդական դպրոց»-ի անդամների հետ։ Ես հանդիպեցի Ադամ Սահակյանի ծնողներին, կիսում եմ իրենց ցավը։ Կարծում եմ՝ բոլորիս է ցնցել զինվորների մահը, Ադամի աչքերն ինձ կանչեցին, որոշեցի չնչին ձեւով իմ ներդրումն ունենալ եւ վառ պահել նրա հիշատակը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում