Ճեպազրույցի ժամանակ հնչեցրած մտքերից էլ պարզ է դառնում, որ բանակցությունների ընթացքում շոշափվող հարցը, դա ներկայիս սահմանային լարվածությունն է, որն ըստ նախարար Նալբանդյանի Ադբեջանը ցանկանում է իր համար բանակցությունների գործիք դարձնել, այնինչ դա ցույց է տալիս հենց նրա թուլությունը և ինչպես ցույց է տվել ժամանակը նման գործողությունները միայն ետ են գցել կոնֆլիկտի լուծման բոլոր հնարավորությունները: Այս պայմաններում մնում է մտածել, թե ի՞նչ է տալիս Ադրբեջանին նրա այս վարքը: Իրականում ոչինչ, եթե ինչ որ մեկը նստել է բանակցությունների սեղանի շուրջ խաղաղության հասնելու համար, ապա ինչու է այդ հանդիպումից առաջ լարում իրավիճակը: Նշանակում է նրան բանակցություններում առաջընթաց պետք չէ: Այդ դեպքում ինչու՞ է Ադրբեջանը տարիներ առաջ պարտավորություն ստանձնել նստելու բանակցությունների սեղանին և հիմա էլ լկտիաբար խոսք է հնչեցնում, թե կողմ է խաղաղ կարգավորմանը:
Սա հիշեցնում է մանկան պահվածք, երբ երեխան գնալով ուրիշի բակ, մեծերի ներկայությամբ իրեն պահում է շատ խելոք, իսկ գնալով իրենց բակը հաթաթա է տալիս, թե դե տեսեք ինչ եմ անելու ձեզ: Նույնն էլ Ալիևն է. գալիս է Բեռն միջնորդների ներկայությամբ ասում է, որ կողմ է կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, իսկ գնալով Բաքու` դառնում է «լավ» տղա ու սկսում վերամբարձ հռետորաբանությունը:
Է. Նալբանդյանի խոսքից նաև կարելի է հասկանալ, որ բանակցություններին այլընտրանք այսօր չկա և խաղաղության կարելի է հասնել միայն դրա շնորհիվ, սակայն այսօրվա անշարժ դիրքից դրանք չեն շարժվում հենց Ադրբեջանի պատճառով և դա ակներև է արդեն նաև համանախագահների համար, քանզի Ադրբեջանի մոտեցումները չեն համապատասխանում ոչ միայն Հայաստանի, այլ նաև համանախագահողների մոտեցումներին: Նախ Ադրբեջանը ի տարբերություն Հայաստանի, խուսափում է համանախագահ երկրների ղեկավարների արած հինգ հայտնի հայտարարություններից, ընդհանուր հայտարարի չի գալիս միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցում, իսկ վերջին շրջանում համանախագահների հասցեական կոչերը նունիսկ, ոչինչ չեն նշանակում Ադրբեջանի համար:
Սա նշանակում է մի բան. Ադրբեջանը թքած ունի և՛ Մինսկի խմբի ձևաչափի, և՛ նրա համանախագահների հայտարարությունների, և՛ միջազգային հանրության վրա: Սրա վառ արտացոլումը եղավ երկու շաբաթ առաջ Բելգրադում Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած` ծանր հրետանու և տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառման անթույլատրելիության մասին կոչին հաջորդող Ադրբեջանի սանձարձակ պահվածքը սահմանին, որը իրավամբ ապտակ էր ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Հ.Գ. Հանդիպման արդյունքների վերաբերյալ ընդհանուր կարծիք կազմելու համար պետք է համադրել երկու կողմից հնչեցված մտքերը: Սակայն, եթե ՀՀ արձագանքը եղավ ի դեմս արտգործնախարարի, ապա Ադրբեջանը այս հարցում ևս խուսափողական դիրք է գրավել: