Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն քաղաքական գործընթացը, որ սկսվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին, արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, կարելի որակել որպես «մոդերատորության սառը պատերազմ: Այն չի ավարտվել և այժմ համարյա հասել է իր բարձրակետին: Իրականում որն է այս գործընթացի էությունը: Արտաքուստ այն ներկայացվում է որպես «խաղաղասիրական, միջնորդական» առաքելություն, հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու նպատակով: Բայց իրականում համաշխարհային ուժային կենտրոնները ԱՄՆ-ը, Եվրոպական Միությունը և Ռուսաստանի Դաշնությունը, բացահայտ կամ անդրկուլիսյան կատաղի պայքար են մղում՝ նպատակ ունենալով հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը ղեկավարել և պայմանագրի կնքումն էլ տեղափոխել Վաշինգտոն, Բրյուսել կամ Մոսկվա, իրենց առավելագույն շահերն ապահովելու և տարածաշրջանում հեռուն գնացող ռազմավարական նպատակներին հասնելու համար: Շատ կարևոր են նաև տարածաշրջանային ուժեղ խաղացողների՝ Թուրքիայի և Իրանի մերթ ընդ մերթ ակտիվացումը և բավական արդյունավետ միջամտությունները գործընթացին, որոնք կարողացել են եղանակ փոխել: Այս ընթացքում ոտնատակ են տրվել միջազգային իրավունքի, բարոյականության և հումանիստական բոլոր նորմերն ու սկզբունքները: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարգախոսով, կողմերը անդրկուլիսյան անազնիվ ինտրինգների միջոցով հիմնականում կենտրոնացած են զանգեզուրյան միջանցքի, էներգետիկ կապուղիների, հակաիրանական և հակառուսական պլանների իրականացման վրա: Մերկ, եսասիրական և շահամոլ միջպետական գզվռտոցի հետևանքը հարյուրերոդ անգամ վճարեց հայ ժողովուրդը, հազարավոր զոհերով, Արցախի կորստով և 120 000 փախստականներով: 2020-22 թթ. մոդերատորությունը Մոսկվայում էր: Ալիև-Փաշինյան հանդիպումները հիմնականում տեղի էին ունենում կրեմլյան հովանավորությամբ: Ուկրաինական պատերազմը փաստացիորեն հնարավորություն տվեց արևմտյան ստրատեգներին մոդերատորությունը փախցնել-տանել, այսպես կոչված, բրյուսելյան և վաշինգտոնյան հարթակներ: Այստեղ ավելի արդյունավետ «խաղաղասիրություն» իրականացվեց: Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, հայաթափվեց, ռուս խաղաղապահները դուրս եկան, մեծն գինեկոլոգը Բլինքենի հետ խանդավառությամբ ֆինանսական խոստումներ տվեցին և այլն և այլն: Իհարկե «խաղաղասիրությունը» ուղեկցվում էր փառահեղ հակաիրանական և հակառուսական հռետորաբանությամբ, եվրաքվեական շոուներով և պսեվդոարևմտամետների կատաղած մեդիատեռորով: Կարծես թե կարող էր ամեն ինչ ավարտվել, երբ հայտարարվեց հայ-ադրբեջանական օնլայն բանակցությունների հաջող ավարտի և պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին, բայց ավաղ Բաքվի նախապայմանները կասեցրին բրյուսելյան ղեկավարների ցնծությունը, որոնք սպասում էին ուկրաինացման և երկրորդ ճակատի բացման օրվան: Այստեղ, իհարկե, մեծամասամբ հույսն Ադրբեջանի վրա է, որը հզոր է և սահման ունի Ռուսաստանի հետ: Կարևորը ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելն է և Բաքվին այնքան օժանդակելն է հայկական շահերի հաշվին, որ Ալիևը ուղղակի պարտավորված զգա բացել երկրորդ ճակատը: Վրաստանը արժանապատվորեն մերժեց այդ ավանտյուրան: Հիմա Թրամփն է շտապում նախաձեռնությունը խլել Մոսկվայից և Բրյուսելից, եթե այս ուրբաթ իսկապես կայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը Սպիտակ Տանը: Տեսնենք ինչով կավարտվի: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել: Պայմանագիրը տեքստ է՝ գրված թղթի վրա: Այն քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վայրկենական կորցնում է իր նշանակությունը: Ինչ էլ որ կնքվի, վերջում սրբագրվելու է Թեհրանի և Մոսկվայի կողմից: Իսկ միջազգային իրավունք կոչվածը ինչ աբսուրդային իրավիճակում է այսօր, բոլորս գիտենք: Հիշենք Սևրի պայմանագրին երկու ամիս հետո հաջորդած Ալեքսանդրոպոլի պայմանագիրը: Մի կերպ հաջողվեց պահպանել թեկուզ և մոտ 30000 քառ. կմ.: Այսքան մեծ մտավոր կարողություններով հռչակված հայ ազգը ինչու է այսքան տկար դիվանագիտության և քաղաքական հեռատեսության ոլորտում: Ցավալի է»:
***
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգթոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ *** |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այս շաբաթվա վերջին Վաշինգթոնում նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի միջև։ Ինչպես փոխանցում են ամերիկյան ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները, կողմերը պատրաստվում են փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Այս զարգացումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Արցախի ամբողջական կորուստն արդեն փաստ է, Հայաստանի երեք մարզերից օկուպացված տարածքները մնում են Բաքվի վերահսկողության տակ, և տասնյակ հայ գերիներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը խաղաղության ուղին նախընտրում է անցնել առանց պահանջների՝ մեկ նպատակով. ընտրություններին ընդառաջ ցուցադրել միջազգային հարթակներում ստորագրված փաստաթուղթ, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը: Գերիները կսպասեն։ Օկուպացված տարածքները՝ ևս։ Արցախցիներին մնում է հարմարվել։ Իսկ Վաշինգթոնում, ամենայն հավանականությամբ, ստորագրվելու է մի փաստաթուղթ, որը ներկայացվելու է որպես «պատմական առաջընթաց»: *** Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը՝ կից տեսանյութով․Հակահայ Նիկոլը գնում է Զվարթնոց օդանավակայան ԱՄՆ մեկնելու համար։ Վաշինգտոնում Թրամփը սրան պարտադրելու է ինչ֊որ թուղթ ստորագրել, բայց ամենակարևորը` Զանգեզուրի միջանցքի հանձնում է լինելու, որից հետո արևմուտքի հովանավորությամբ (այս պարագայում ԱՄՆ֊ի) տեղի է ունենալու Սյունիքի զավթումն՝ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից... Աիցախի զավթումը նույն տանդեմի կողմից ևս տեղի ունեցավ Արևմուտքի` կոնկրետ Ֆրանսիայի ակտիվ հովանավորությամբ... |