armtimes.com-ը գրում է. Ֆեյսբուքյան Nara David օգտատերը մեր զրույցում մանրամասներ է ներկայացրել՝ մանկապարտեզում իր որդու հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա, զգուշացնելով մյուս ծնողներին, հայտարարել էր, որ Երեւանի համար 126 մանկապարտեզում դաստիարակում են Տեր Թոդիկի ավանդական մեթոդներով ու ներկայացրել էր լուսանկարներ, որտեղ երեւում է իր տղայի վնասված ձեռքը: Այն ժամանակ նշված ծնողը չէր արձագանքել հարցազրույց տալու մեր առաջարկին, եւ հրապարակման մեջ ներկայացրել էինք միայն մանկապարտեզում ու քաղաքապետարանից ստացված մեկնաբանությունները: Դրանցում, սակայն, ըստ 4-ամյա տղայի մոր, կան անճշտություններ, այլապես ինքը չէր խորացնի այս թեման:
Պատմելով, թե տեղի ունեցածն ինչպես է ներկայացրել երեխան` Նառա Վարդանյանն ասաց. «Ես այդ օրը նկարահանման էի, եւ մայրս է գնացել երեխային վերցնելու: Երբ բերել է տուն, որ շորիկը փոխի, տեսել է, որ երկու թեւերի վրա կարմիր հետքեր են: Դեռ կապտած չէին, նոր հետքեր էին դրանք ու նաեւ` ճանկռված հետքեր: Հետո ես տղայիս սկսեցի հարցնել, թե ինչպես է եղել, ով է իրեն խփել, միգուցե երեխաներն են արել: Ինքն ասում էր` չէ, ես երեխաների հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, չեմ ընդհարվել, մենք Արսենի թե Սուրենի հետ (անունը չեմ հիշում երեխայի) տրակտոր-տրակտոր էինք խաղում ոտքերով, այդ ժամանակ ընկեր Սուսաննան բարկացավ, եկավ իմ թեւից բռնեց ու տարավ ուրիշ տեղ նստեցրեց, հետո էլ նույն թեւիցս բռնեց ուժեղ, ինձ տարավ «տուալետ», որ հանգստանամ: Ասում եմ` ինչ էր եղել, որ հանգստանայիր, ասում է` նեղվել էի, ցավում էր թեւս եւ այլն: Հետո, ասում է, էն մյուս թեւիցս քաշելով նորից բերեց նստեցրեց իմ տեղը: Փաստորեն, այնքան զայրացած է մոտեցել այդ պահին, որ չի էլ նկատել, որ երեխայի թեւը այդքան նուրբ է»:
Ծնողի փոխանցմամբ, երեխայի մաշկի վրա մնացել են դայակի եղունգների հետքերը, որոնք նույնիսկ իր եղունգներից են մեծ, ու չէին կարող որեւէ երեխայի եղունգներից առաջանալ: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանից, մեկնաբանելով խնդիրը, հավաստիացրել էին, որ մանկապարտեզում հրավիրված ժողովի ընթացքում ծնողներից մեկը պնդել է, որ բողոքող ծնողի երեխայի վնասվածքները պատճառել է իր երեխան: Նառա Վարդանյանը նկատում է, որ սկզբում մանկապարտեզում ասում էին, թե իր տղան ընկել է, հիմա էլ ուրիշ երեխայի կողմից վնասվելու մասին են խոսում: Նա նաեւ փոխանցեց, որ թաղապետարանի ներկայացուցիչներն այցելել են իրենց տուն, զրուցել տղայի հետ, որը ներկայացրել է վերը բերված պատկերը:
Քաղաքապետարանից փոխանցել էին նաեւ, որ վերոնշյալ ժողովին Նառա Վարդանյանը «չգիտես ինչու չէր ներկայացել», իսկ մյուս ծնողները վրդովվել էին, որ նա խնդիր է առաջ քաշում ու չի գալիս: Շենգավիթ վարչական շրջանում գտնվող համար 126 մանկապարտեզից դժգոհող Նառա Վարդանյանը մեր զրույցում ասաց, որ իր բողոքից հետո վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը սկզբում իրեն տեղեկացրել է, որ ժողով է հրավիրվելու, բայց եւ նշել է, որ դրան իր մասնակցությունը նպատակահարմար չէ, որովհետեւ ցանկանում են լսել մյուս ծնողներին: Հետո, սակայն, երբ հանդիպմանը մոտ կես ժամ էր մնացել, որոշել են իրեն նույնպես հրավիրել, բայց ինքն արդեն նկարահանման տաղավարում է եղել եւ չի կարողացել ներկա գտնվել:
Մեր զրուցակիցը նաեւ հերքում է մանկապարտեզում հնչած այն կարծիքները, թե իրենք վարձով են ապրում ու հետեւաբար անհրաժեշտ է մանկապարտեզը հաճախակի փոխելու համար կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, որպեսզի հաջորդ մանկապարտեզում հերթագրման հարց չառաջանա: Բայց եւ ասում է, որ տղան չի շարունակելու նույն մանկապարտեզ հաճախել: «Մենք երբեւէ վարձով չենք ապրել: ...Նաեւ ինձ համար խնդիր չի եղել ու չէ երեխայիս որեւէ մանկապարտեզ տանելը, դրա համար ինձ պետք չէ, որ ես հարց առաջ քաշեմ: Խնդրի մասին բարձրաձայնելու իմ բուն նպատակն այն է եղել, որ մնացած ծնողները զգոն լինեն»,- շեշտեց նա` հավելելով, որ համար 126 մանկապարտեզում կան մի շարք այլ խնդիրներ, որոնց պատճառով նույնպես չի պատրաստվում երեխային այնտեղ տանել: Փակագծերը, սակայն, նա չբացեց:
Հ.Գ. Երեկ տեղեկացանք, որ Շենգավիթ վարչական շրջանիղեկավարը որոշել է դայակի նկատմամբ կարգապահական տույժչկիրառել, այլ բավարարվել միայն բանավորնախազգուշացումով` երեխաների նկատմամբ լինել ավելիուշադիր:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում