▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում Սարդարապատի հուշահամալիրում

Ի՞նչ է կատարվում Սարդարապատի հուշահամալիրում. Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են. Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախկինում նախագահների այցը Սարդարապատ մեծ խորհուրդ ուներ՝ Վեհափառ Հայրապետի ներկայությունը խորհրդանշում էր Հոգևոր Հայաստանը, ինչու չէ՝ նաև Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոչն ու հոգևոր դասի մասնակցությունը Սարդարապատի գոյապայքարին (Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանց, Զավեն եպիսկոպոս Մահտեսի Բաբայան, Մեսրոպ սրբազան, Թադեոս, Եզնիկ և Դանիել վարդապետներ, բազում քահանաներ և ճեմարանականներ):
Արցախի նախագահների մասնակցությունը խորհրդանշում էր Արցախյան հաղթական գոյապայքարը՝ իբրև դարավերջի Սարդարապատ:
Մեր օրերում սրանք Սարդարապատ են այցելում՝ մերժելով թե՛ Հոգևոր Հայաստանը, թե՛ Արցախն ու հայոց հաղթանակները, կանգնած են Սարդարապատ գյուղի չափառների ֆոնին՝ հայացքները դեպի Էրդողանն ու ստրկության ճանապարհը...»։

***

Պատմական Հայաստանը մեզ մի հիմնական ուղերձ է հղում` մի՛ կրկնեք այդ պատմությունը, մի՛ գնացեք այդ ճանապարհով. սա հատված է Նիկոլ Փաշինյանի` Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առթիվ ելույթից

Նրա խոսքով` 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր` 70–ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Մինչդեռ, ըստ նրա, 3–րդ հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։

«Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնաիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,–վստահ պնդեց նա։

***

Երևանը և Բաքուն երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների շուրջ համաձայնության գալու համար. Փաշինյան

«Ակտիվ երկխոսություն է ընթանում նաև Թուրքիայի հետ», – Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առթիվ ելույթում ասաց ՀՀ վարչապետը։

***

«Առաջին Հանրապետությունը մեզ կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի։ Մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ՝ Հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է, և նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը»,- Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատի հուշահամալիրում իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան՝ երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան՝ երբևէ․․․29․743 քառ կմ միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ՝ ձեռքբերումների արտահայտությունն է»,- ասաց նա հավելելով, որ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է, մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը։

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հուշահամալիրում։

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:

***

Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է Առաջին Հանրապետության օրը։ Պետական, քաղաքական գործիչներն այցելելում են Սարդարապատի հուշահամալիր։ ՀՀ վարչապետի այցը նախատեսված է ժամը 10։00-ին։

***

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․ «Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ի հայրենիս և ի սփյուռս մեր ժողովրդի զավակներին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։
Այսօր ոգեկոչում ենք հիշատակները 1918 թ․ մայիսյան հերոսամարտերի, մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի, միասնականության ոգու և քաջարի պայքարի, որի շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Դարերի ընդմիջումից հետո հայրենի հողում վերականգնվեց հայկական պետականությունը՝ արժանապատիվ ու ապահով կյանք և լուսավոր գալիք կերտելու տեսիլքով։
Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը։
Այս տոնական օրը աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության ու առաջընթացի համար։ Թող մեր նախնյաց սխրանքները ոգեշնչեն մեզ՝ հավատալու մեր ուժերին, միավորվելու հայրենիքի, ընդհանուր նպատակների շուրջ և համատեղ ջանքեր ներդնելու մեր ազգային շահերի և իրավունքների պաշտպանության գործում:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն»։

***

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․ «Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ՝
▫️թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը,
▫️hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին,
▫️հավատը ուժեղ գտնվեց վախից,
ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը,
▫️ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից,
▫️մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը,
▫️ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք,
▫️և վերջապես՝ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:
Եվ մայիսյան հաղթական հերոսամարտերը դարձան իրողություն։
Հավերժ փա՛ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը:
Փա՛ռք ու պատի՛վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել:
Փա՛ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը»:

***

Այսօր՝ մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է Առաջին Հանրապետության օրը: Ապարանում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել, որոնց մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի ներկայացուցիչներ, կառավարության անդամներ։ Միջոցառումներին ներգրավված են նաև Արցախի մշակութային խմբերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more