Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Կոստանյանը հերթական անգամ փորձեց մանիպուլացնել իրականությունը և արդարացնել թիվ 109 մանկապարտեզում տեղի ունեցած հերթական խայտառակությունը։ Նա արձագանքեց իմ հրապարակած տեսանյութին, որտեղ պարզ երևում է՝ նոր հիմնանորոգված մանկապարտեզը արդեն քանդվում է և նորից վերանորոգվում։
Նրա գրածը այնպես է ներկայացված, որ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե ես «սուտ» տեղեկություն եմ հրապարակել։ Նա շտապել է ընդգծել, որ «աշխատանքները կատարվում են բացառապես ընկերության հաշվին, ոչ թե համայնքային բյուջեից»։ Բայց ես նման բան չեմ ասել, որ աշխատանքները կատարվում են բյուջեի հաշվին։ Այսպիսով, սա պարզապես հերթական փորձ է մանիպուլյացիայով քողարկել իրենց ձախողումները և մարդկանց շփոթեցնել։
Իմ հրապարակած տեսանյութի իմաստը այն է, որ Տիգրան Ավինյանը այնպես էր գլուխ գովացել տեսախցիկների և Նիկոլ Փաշինյանի առաջ, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր նշել որակի վերահսկողության մասին. «Էստեղ եթե մենք բացթողում ունենանք, դա կլինի ահավոր խայտառակություն»։ Իսկ արդյունքում հենց իրենք իրենց խոսքերով խայտառակվեցին, քանի որ ժամանակը ցույց տվեց, որ այդ մանկապարտեզը հերթական անորակ, «թքած կպցրած» մանկապարտեզների շարքից էր։
Բայց Հայկ Կոստանյանը իր գրառմամբ խուսափեց անդրադառնալ ամենակարևորին՝ Տիգրան Ավինյանի հերթական, իրականություն չդարձած կեղծ խոստումներին և դատարկ հայտարարություններին»։