Ազգային ժողովի իշխող ուժը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, որոշել է այլևս չանդրադառնալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին, որովհետև նա քաղաքականություն մուտք գործելու հայտ չի ներկայացրել։
Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը․ «Երբ նա կհայտարարի այն մասին, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ ի լուր ՀՀ քաղաքացիների, այդ ժամանակ մենք կհասկանանք, թե Արթուր Վանեցյանին որպես ինչ ենք արձագանքում»։
Խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ հարկ է համարել հիշեցնել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հասարակության շրջանում հայտնի է դարձել հեղափոխությունից հետո, երբ նշանակվեց ԱԱԾ տնօրեն․ «Արթուր Վանեցյանի հանրային ճանաչելիությունը, որը հիմա նա ունի, բացառապես պարտական է հեղափոխությանը, մասնավորապես ՀՀ վարչապետին։ Ըստ էության՝ այն հայտարարությունները, որն անում է Արթուր Վանեցյանը, մենք պետք է հասկանանք, դրանց վերաբերում ենք որպես ԱԱԾ նախկին տնօրենի՞, թե՞ դրանց վերաբերում ենք քաղաքական հայտ ներկայացնող Արթուր Վանեցյանի հայտարարություններ, որովհետև դրանք բավականին նուրբ երանգներ ունեն։ Քաղաքական հայտարարությունները, որոնք անում է Արթուր Վանեցյանը, կարծում եմ, որ բավական մակերեսային են, որովհետև պարոն Վանեցյանը չունի որևէ քաղաքական կապիտալ»։ Հայկ Կոնջորյանը հավելել է, որ ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունները իրականությունից կտրվածության դրսևորումներ ունեն, և դրանում քաղաքական ասելիքի բացակություն է նկատում․ «Ավելի շատ համացանցում երևալու ցանկության հետևանք է»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 25-ին կայացած ասուլիսից մեկ օր անց, Թվիթերի իր էջում գրել էր․
«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»։