Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Միկա մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում հայերի ու իրանցիների միջև: Խաղացողների թվում էր նաև իրանահայ հայտնի երգիչ Անդին (Անդրանիկ Մադաթյանը), ով մի քանի օր է, ինչ գտնվում է Հայաստանում: Asekose.am-ը զրուցել է երգչի հետ` Հայաստանում գտնվելու, ֆուտբոլի նկատմամբ ունեցած հետաքրքրության, ապագա ծրագրերի մասին:
-Դուք ֆուտբոլ շատ եք սիրում, նույնիսկ երգ եք նվիրել Իրանի ֆուտբոլի ընտրանուն: Ինչպե՞ս է ծնվել սերն այս խաղի նկատմամբ:
-Ֆուտբոլ սիրել եմ դեռ մանկուց, կարելի է ասել՝ մեծացել եմ ֆուտբոլով: Մեր բակում բոլորս էլ աղքատ ընտանիքների երեխաներ էինք, ընդամենը մի գնդակ ունեինք, սակայն ուրախ էինք ու անհոգ: Հետագայում արդեն, երբ տեղափոխվեցինք Կալիֆորնիա, սկսեցի լուրջ զբաղվել այս մարզաձևով: Որոշ ժամանակ նույնիսկ Անգլիայում եմ զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Սակայն երբ սկսեցի երգել ու կանգնեցի երկընտրանքի առաջ՝ ֆուտբո՞լ, թե՞ երգ, ընտրեցի երգը:
-Կա՞ն կոնկրետ վայրեր Հայաստանում, որոնք առանձնանում են Ձեզ համար և գալիս անպայման այցելում եք:
-Հայաստանում չկա մի վայր, որը չեմ սիրում, բոլորն էլ ինձ համար ունեն իրենց հմայքն ու հետաքրքրությունը: Երեք օր է, ինչ գտնվում եմ Հայաստանում, վաղը մեկնում եմ Կալիֆորնիա: Ճիշտ է, ամեն տարի գալիս եմ Հայաստան, սակայն համերգային ծրագրի շրջանակներում, ինչի պատճառով էլ չեմ հասցնում մի քիչ լիցքաթափվել: Սակայն այս անգամ հասցրի նաև շրջել Հայաստանով: Այցելեցի Աբովյանի Սբ. Հովհաննես նորակառույց եկեղեցի, որի գեղեցկությամբ ուղղակի գերված եմ: Աննկարագրելի զգացողություն էր նաև գիշերային Երևանով զբոսնելը: Ինձ համար ամենատպավորիչն այն էր, թե ինչպես են թխում հայկական ավանդական լավաշը: Իսկ առհասարակ, Հայաստան ասելով` հասկանում եմ հայերին, որոնց անչափ սիրում եմ:
-Երբևէ՞ մտածել եք Հայաստանում բնակություն հաստատելու համար, առավել ևս, որ վերջին տարիներին իրանցիների, այդ թվում` նաև տեղի հայերի հոսքը Հայաստան գնալով մեծանում է:
-Անկեղծ ասած, երբեք չեմ մտածել այդ մասին, և, երևի, թե նման բան չի լինի: 35 տարի է, ինչ Իրանից տեղափոխվել եմ Լոս Անջելես: Այնտեղ են գտնվում իմ հարազատները, կինս, երկու շներս: Իրանի ղեկավարությունը շատ խիստ է կրոնական առումով, այնտեղ իմ «մյուզիքը» արգելված է, քանի որ այն ավելորդ sexy է: Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իրանցիները շատ են սիրում իմ երգերը: Ամեն անգամ մեծ անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ գալու Հայաստան, քանի որ ինձ այստեղ շատ լավ են դիմավորում: Այս փաստն ինձ համար զարմանալի է, քանի որ իմ երգերը հիմնականում հայտնի են Ամերիկայում: Երբ Հայաստանում համերգ եմ ունենում, ավելի շատ իրանցիներ են գալիս: Պատճառը, թերևս, այն է, որ տոմսերը թանկ են: Ամեն մարդ չէ, որ կարող է 250 դոլար տալ իմ համերգին ներկա գտնվելու համար: Նշեմ նաև, որ ես պատրաստ եմ անվճար համերգ տալ Հայաստանում: Հուսով եմ՝ հարմար առիթ կընձեռնվի:
-Հայտնի է, որ Բոն Ջովիի հետ ձեր դուետը՝ «Stand by me», հատուկ հաղորդագրություն ուներ, որով դուք ձեր աջակցությունն էիք ցուցաբերում իրանցի ժողովրդին: Արդյո՞ք ձեր երգերը միշտ ինչ-որ հաղորդագրություն ունեն:
- Ընտրություններից իրանցիները շատ դժգոհ էին, և անգամ հեղափոխության շունչն էր զգացվում: Առաջարկը ստացել եմ Բոն Ջովիի և նրա թիմի կողմից: Մեծ սիրով համաձայնեցի երգել այդ երգը, քանի որ ցանկանում էինք ցույց տալ, որ թեև բնակվում ենք ԱՄՆ-ում, սակայն հոգով ու սրտով նրանց հետ ենք, հասկանում ու կիսում ենք նրանց ցավը: Իմ երգերի 99%-ն աղջիկների, սիրո, կոտրված սրտերի մասին է: Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, հետևաբար՝ իմ երգերն էլ նման երանգ չունեն: Առաքելությունս մարդկանց ուրախացնելն է, աշխատում եմ հեռու մնալ «փոլիթիքից»:
-Արդյո՞ք նկատել եք տարբերություն հայ և օտարազգի հանդիսատեսի միջև:
-Հայերը շատ քեֆ անող են: Սրտանց սիրում են մյուզիքը: Ուշադիր լսում են, հետո՝ ծափահարում, իսկ իրանցիները միաժամանակ և՛ լսում են, և՛ պարում են, և՛ ծափահարում: Հայ հանդիսատեսն ավելի լավ է հասկանում երաժշտությունը և այդ առումով ավելի լավ քննադատ է:
-Հայկական շոու բիզնեսից ովքե՞ր են Ձեզ համար առանձնանում իրենց ձայնով, ու՞մ երգերն եք հաճախ լսում:
-Միշտ լսում եմ նոր սերնդի ներկայացուցիչների երգերը: Զուգերգով հանդես եմ եկել շատերի հետ՝ Սոֆի Մխեյան, Արմենչիկի, Նունե Եսայանի: Շատ եմ սիրում Ալլա Լևոնյանին, Հայկոյին, Թաթային, Տիգրան Ասատրյանին, ում հոր՝ Արամի հետ շատ մոտ ընկերներ էինք: Այս անգամ Հայաստան այցիս ժամանակ հասցրի նաև նրա շիրիմին այցելել: Առանձնացնում եմ հատկապես Ձախ Հարութին, քանի որ «իրա մյուզիքի մեջ reality շատ կա»:
-Ի՞նչ է փոխվել երգիչ Անդիի կյանքում ամուսնությունից հետո:
-Կարող եմ ասել, որ շատ քիչ բան, քանի որ կնոջս՝ Շեյնի հետ մենք մինչ ամուսնությունն իրար հետ ապրել ենք 20 տարի: Մենք մտքի մեջ մինչ այդ էլ «մարդ ու կնիկ էինք»:
-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:
-Աշնանային շրջագայությունս արդեն սկսել եմ, որի մեջ մտնում էր նաև Հայաստան այցելելը: 1-2 ամիս Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում համերգներ ունեմ: Մեծ համերգ ունեմ Լոս Անջելեսի թաղամասերից մեկում: Նոր երգեր եմ ձայնագրման աշխատանքներն արդեն բուռն ընթացքի մեջ են: Հուսով եմ, որ շուտով կվերադառնամ Հայաստան և նորից կուրախացնեմ իմ հայ երկրպագուներին:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան