▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի սեր Հայաստանի` կամավոր կերպով հանձնում է մահվան իր երեխային. հիշողություններ պատերազմից

1993թ.-ի նոյեմբերն էր, մութ ու խավար, ցուրտ մի օր Երևանում: Մոնումենտ «կոչված» թաղամասի իմ կացարանում Արցախից նոր վերադարձած ջոկատի տղաներով մոմի լույսի ներքո նստած էինք: Այդ օրերի, այսպես կոչված, ճոխ սեղանի շուրջ՝ մի քիչ պանիր, պետական երշիկ, խուժան արաղ, ոջլոտ հաց նստած լիցքաթափվում էինք խավարի մեջ...Հանկարծ դուռը թակեցին: Լռություն տիրեց: Չեմ հիշում ով դուռը բացեց, և ներս մտան բարի աչքերով մի խորհրդավոր հայ մարդ և 17-18 տարեկան մի երիտասարդ՝ հայր և որդի...Ծանոթություն և այլն...մի պատառ հաց և անցանք բուն թեմային. «Այսպես տղերք ջան...Ձեր մասին շատ եմ լսել որպես «Խաչակիրներ» ջոկատ: Ես եկել եմ ձեզ մի խնդրանքով դիմելու: Ուզում եմ, որ իմ որդին վերցնեք, ընդունեք ձեր ջոկատ: Ես վստահում և հավատում եմ ձեզ, տարեք որդուս ձեզ հետ միասին»:

Շվարած մնացի մի պահ, պապանձվեցի, ապա աղոտ լույսի տակ մի հայացք նետեցի երիտասարդի վրա: Նա կյանքում հազիվ երկու անգամ սափրված լիներ: Մանուկի դեմքով մի պատանի էր: Կարկամեցի.«Բայց շատ փոքր է, երիտասարդ է և անփորձ: Բա որ մի բան պատահի՞ Ձեր երեխային: Դուք պատկերացնու՞մ եք թե ուր եք ուղարկում և ինչի»:

Պատասխան ստացա հետևյալ բառերով. «Այո՛: Եվ ամեն ինչ իմանալով հանդերձ, հաշտված լինելով վատագույնի հետ, հանձնում եմ որդուս ձեզ և վստահում»: Մի պահ լռության և լրջության մթնոլորտ տիրեց: Մի սպիտակ թուղթ ու գրիչ վերցրեցի ու խնդրեցի, որ իր խնդրանքը թղթին հանձնի ու ավելացնի, որ, եթե իր զավակը հանուն Հայաստանի զոհվի, մեր ջոկատի անդամներին մեղավոր չի ճանաչի: Նա վարվեց իմ առաջարկին համեմատ և վստահ հայացքով նայեց ինձ: Խնդրեցի, որ ստորագրի իր գրության տակ, որ կամավոր կերպով հանձնում է մահվան իր երեխային ի սեր Հայաստանի:

Առանց տատանվելու արագ ստորագրեց և շնորհակալություն հայտնեց: Ես մի բան ավելացրեցի միայն. «Գագիկ ջան, պատերազմ է, ոչ մեկս երաշխիք չունենք, բայց խոստանում եմ մինչ վերջ, մինչև մեր հաղթանակ մեր ախպերիկին՝քո երեխային տիրություն անել: Իսկ ես համբուրում եմ քո իսկական հայ մարդու ճակատը, ով գիտի իր զավակին մատաղացու անել Հայրենիքի համար...»Փառք Աստծուն, բարով-խերով այսօր այդ երիտասարդը ողջ է, ապրում և գործում է Հայաստանում, ընտանիք է կազմել: ՓԱ՛ՌՔ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԲՈԼՈՐ ԳԱԳԻԿՆԵՐԻՆ, ԱԶՆԻՎ ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅԵՐԻՆ:

Շահե Աճեմյան, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more