Երեկ տեղեկացրել էինք, որ Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը լուսաբանող ռուսական НТВ հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորը ցուցարարների հետ զրուցելիս հայտնել են, որ իրենց աշխատանքից հեռացրել են: Լրագրող Անաստասիան բավականին հուզված է եղել, ու նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել:
Ավելի ուշ, սակայն հայտնի է դարձել, որ НТВ-ի եթերում հեռարձակվել է «Анатомия дня» հաղորդումը, որի ժամանակ Անաստասիան ուղիղ եթեր է դուրս եկել Երևանից:
Մեկ այլ ապացույց էլ կա, որ լրագրողն ու օպերատորը շարունակում են աշխատել և բոլորովին էլ չեն կորցրել իրենց աշխատանքը:
Голос России-ի երևանյան թղթակից Էլինա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացրել է, որ Անաստասիա Պակին չեն հեռացրել աշխատանքից: Կատարվածից հետո ղեկավարությունը նրա հետ խիստ զրույց է ունեցել, և նա նյարդային վիճակում է գտնվել ցուցարարների հետ զրույցի պահին, ինչով էլ պայմանավորված էր նրա պահվածքը:
Անստասիան իր հերթին գրառման տակ մենաբանություն է թողել՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար և հայտնելով, որ իրենց մոտ ամեն բան կարգին է: