ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը
«Սիրելի քաղաքացիներ,
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։
Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել նիստի ընթացքին»։
Հիշեցնենք, որ ՍԴ-ի օրակարգում այդ օրը այս հարցերն են՝
- Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը․
- 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոն Ատայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը․
- 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը․
- ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի և 415-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։