▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունաստանը շուտով կվավերացնի ԵՄ հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը: «Մեծարգո պարոն նախագահ, սիրելի բարեկամ, բարի եք եկել Հայաստան, բարի եք եկել Ձեր տուն,-դիմելով Հունաստանի նախագահին՝ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:-Մեր ժողովուրդների բարեկամությունն ավելորդ բառերի կարիք չունի, որովհետև հազարամյակներն ապացուցել են, որ մեր ժողովուրդները ձեռք ձեռքի ստեղծել են և՛ մշակույթ, և՛ կրթություն, և՛ պատմություն: Ունեցել ենք և՛ մեծ հաղթանակներ, և՛ մեծ դժբախտություններ՝ շատ հաճախ միասին: Ձեր այցելությունն այսօր Հայաստանի Հանրապետություն նաև պատմական է, քանի որ մենք ոտք ենք դնում նոր՝ 21-րդ դար: Աշխարհը փոփոխվում է և փոփոխվում է շատ արագ, սակայն այն ժողովուրդները, որոնք ունեն համատեղ աշխատելու, պայքարելու և՛ պատմություն, և՛ ցանկություն, հանդես են գալու որպես հաջողակ երկրներ և դժվարին պայմաններում, անընդհատ փոփոխվող իրավիճակներում կարողանալու են գտնել ճիշտ որոշումներն ու ճիշտ լուծումները»:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես հետաքրքիր է համարել Հունաստանի՝ որպես Եվրամիության անդամ երկրի և Հայաստանի՝ որպես Եվրամիության հետ ավելի խորը հարաբերություններ ստեղծող ու ԵԱՏՄ անդամ երկրի փորձերը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: «Երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերություններն ամուր են և խորը: Մենք ունենք հարաբերությունները զարգացնելու բավականին մեծ հնարավորություն: Մենք շատ ընդհանրություններ ունենք, բայց ունենք նաև ընդհանուր ցավ: Մենք բավականին լավ գիտենք և գիտակցում ենք անկախության ու ժողովրդավարության արժեքը և Ցեղասպանության ճանաչման համար պայքարի կարևորությունը», -ասել է նա:

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նաև  Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:

Ողջունելով նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ավելի վաղ՝ նեղ կազմով քննարկված հարցերի շրջանակին: «Ուրախ էի լսելու, որ Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրամիության հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համակարծիք էինք, որ շատ էական է մեր երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, նաև՝ մշակութային, գիտական և այլ ոլորտներում,- ասել է նախագահ Սարգսյանը:-Նաև կարևորեցինք եռակողմ պլատֆորմը՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս: Բացի այդ, մենք կարող ենք Հունաստանը դիտարկել որպես դարպաս դեպի Եվրամիություն, և հակառակը, Հունաստանը կարող է Հայաստանը դիտարկել որպես դարպաս դեպի Եվրասիական միություն»: Նախագահը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում նոր մակարդակի հասցնելու ներուժը:

Նշելով, որ երկու ժողովուրդներն էլ պատմականորեն ձևավորված սփյուռք ունեն՝ Հայաստանի և Հունաստանի նախագահներն ընդգծել են սփյուռքի ձևաչափով համագործակցության կարևորությունը: «Լինելով փոքր պետություններ՝ երկու երկրներն էլ ունեն հսկայական սփյուռք, և մեր երկկողմ, ազգային շահերն առաջ մղելու հարցում նրանց համագործակցությունն աշխարհի տարբեր մասերում շատ էական է լինելու: Ամբողջությամբ համաձայն եմ պարոն նախագահի հետ, որ պետք է ամեն բան անենք, որ հայ և հույն սփյուռքների միջև ավելի խորը ու ծրագրային համագործակցություն ունենանք տարբեր ոլորտներում»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն ընդգծել է, որ պատրաստ է իր նպաստը բերելու երկկողմ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: «Մեր երկու ժողովուրդներն ու երկրները պատմականորեն պարտադրված են համագործակցել, և մենք պետք է խորացնենք այդ գործակցությունը բոլոր ասպարեզներում»,-ընդգծել է նա:

Նախագահները կարևոր են համարել նաև երկու երկրների կառավարությունների, ինչպես նաև խորհրդարանների միջև առավել սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց ջանքերին:

Անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերին:

Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանում նոր է, նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի հնարավորությունը՝ հաշվի առնելով Հունաստանի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները: Հունաստանի նախագահը դրական է արձագանքել առաջարկին:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more