▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոսանքի թանկացման դեմ պայքարողները խոստանում են կաթվածահար անել ողջ Երևանը

Արդեն տեղեկացրել էինք, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով թանկանալու է: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր՝ ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում կազմակերպել է ակցիա:

Թեմայի վերաբերյալ Asekose.am-ը զրուցել է նախաձեռնության մամուլի պատասխանատու Վաղինակ Շուշանյանի հետ:

Վաղինակ, վստահ կարող ենք ասել, որ իշխանությունները տեղյակ էին այսօր կայանալիք ակցիայի պլանավորման մասին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նրանք շտապ որոշում կայացրեցին: Կարո՞ղ ենք ասել, որ իշխանություններին չհաջողվեց դեմ գնալ ռուսական ընկերության քմահաճույքին:

Մի կողմ եկեք թողնենք այն, թե ում ընկերությանն է ՀԷՑ-ը պատկանում: Մեր իշխանավորներն այնքան անզոր և տկարամիտ են, որ իրենց սեփական ժողովրդի շահերը անտեսելով՝ պաշտպանում են անհատ մենաշնորհ ունեցող ինչ-որ ընկերության շահերը: Նրանք վախեցան այդ մարդու հոխորտացող նամակից, որ 7 դրամը բավարար չէ էլեկտրական ցանցերի աշխատանքը նորմալ ապահովելու համար, որ հնարավոր է դադարեցնի էներգամատակարարումը: Դա ուղղակի սպառնալիք էր /նկատի ունի Ռոբերտ Նազարյանին ուղղված Բիբինի նամակը- խմբ./, ինչին կուլ գնացին իշխանավորները: Եթե իրենք վախեցան այդ մեկ հոգուց, ապա այսօր թող տեսնեն և վախենան իրական պահանջատերերից:

Այնուամենայնիվ, որոշում արդեն կա, որ օգոստոսի 1-ից հոսանքը թանկանալու է: Հաշվի առնելով սա՝ ի՞նչ եք կարծում, մարդիկ դուրս կգան պայքարի:

Եթե մինչ նոր սակագնի հաստատվելը մարդկանց մեջ թերահավատութուն կար պայքարելու, ապա հիմա պատկերը փոխվել է: Տեսնելով, որ իրենց պահանջը անտեսվեց՝ մարդիկ վերջին երկու օրերի ընթացքում ավելի են ակտիվացել: Ես այնպիսի քանակով մարդկանց հոսք եմ սպասում, որ այսօր ամբողջ Երևանում կաթվածահար է լինելու ամեն ինչ: Մարդիկ դուրս են գալու իրենց իրավունքներին տեր կանգնելու և իրենց պահանջատիրությունն ապացուցելու այս ապաշնորհ իշխանություններին:

Կարծիք կա, որ մեզ մոտ ակցիաները սկզբում լինում են շատ ակտիվ, սակայն հետո պասիվանում են: Օրինակ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժումն այսօր իսպառ մարել է: Կարելի է ասել, որ շարժումը պարտվեց: Ակցիաների շնորհիվ գրանցած միակ հաղթանակը, թերևս, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիան էր: Ի՞նչ հեռանկար ունի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը:

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիան չպետք է համեմատել այլ ակցիաների հետ: Այն ժամանակ լծակներ կար ազդելու հարցի լուծմանը, ինչպես օրինակ՝ օգտվել երթուղայինից, բայց չվճարել ուղեվարձը. դա արդեն ըմբոստություն էր: Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարին, ապա «Դեմ եմ»-ը ոչ թե պարտվեց, այլ՝ կիսով չափ հաղթեց: «Դեմ եմ»-ի ժամանակ կիսատ լուծվեց հարցը. այն մինչև 2017թ-ը հետաձգվեց:

Եթե 150 դրամ ակցիան վերաբերում էր միայն երևանաբնակներին, իսկ կենսաթոշակայինները՝ 1973 թվականից հետո ծնվածներին, ապա էլեկտրաէներգիայի թանկացումը որևէ բաժանում չունի. այն ամբողջ ազգին է վերաբերվում: Շարժման հեռանկարը կախված է միայն հասարակության պահանջատիրությունից: Մենք հայտարարել ենք, որ գնալու ենք մինչև վերջ: Ինչքան շատ մարդ կանգնի մեր կողքին և պահանջի մեզ հետ, այնքան հաղթանակը շուտ կլինի: Իսկ եթե մնանք միայն մենք՝ «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցներս, ապա այնքան քիչ կլինենք, որ ուղղակի մեզ մարդահաշիվ չեն համարի:

Նախաձեռնությունը հայտարարել էր, որ պահանջը չի քաղաքականացվելու, սակայն այսօր որոշ քաղաքական ուժեր արդեն միացել են պայքարին: Կարո՞ղ ենք ասել, որ ակցիան ինքնստինքյան քաղաքականացվեց:

Մեր պահանջն իշխանություններից է, հետևաբար, չի բացառվում, որ պայքարն էլ քաղաքականացվի:

Վաղինակ, կտեղեկացնեք, թե ի՞նչ է սպասվում այսօրվա ակցիայի ժամանակ: Բավարավելո՞ւ եք միայն բողոքի երթով:

Կցանկանայի չակերտները չբացել, քանի որ երեկոյան ամեն ինչ պարզ կլինի: Ժամը 18:30-ից հետո կդրվեն մեր հստակ պահանջները: Մեր գործողությունները կախված են իշխանություններից՝ կլինի նորմալ պատասխան, հետևաբար, կլինի մեր կողմից նորմալ վերաբերմունք: Հակառակ դեպքում, նրանք կստանան ավելի վատ վերաբերմունք քան պատկերացնում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more